Արտաշես Հովսեփյան
Արտաշես Հովսեփյանը 20-րդ դարի հայ քանդակագործության ականավոր դեմքերից էր ով ստեղծագործում էր մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։
1980-ականներին, երբ Կասկադը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014) համալիրի սրահներից մեկը ձևավորելու առաջարկով դիմել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանին (1931-2017): Արվեստագետը չորս վարպետների հետ միասին չորս տարի շարունակ աշխատել է այն սրահում, որն այսօր կրում է «Սասունցի Դավիթ» անունը: Ազգային էպոսի թեման միշտ էլ հատուկ հետաքրքրություն է ներկայացրել քանդակագործի համար: Դեռևս «Սասունցի Դավիթ» կայարանի ստորգետնյա ճեմասրահը զարդարող տուֆակերտ որմնաքանդակներում նա անդրադարձել է ազգային դյուցազնավեպին. «Ջոջ Մհեր», «Մանուկ Դավիթն ու Քուռկիկ Ջալալին», «Դավիթը՝ հովիվ», «Փոքր Մհեր» և այլ աշխատանքներն ուշադրություն են գրավում կոմպոզիցիոն միասնական, դեկորատիվ-ռիթմիկ պարզ դասավորությամբ և մոնումենտալ-ոճավոր սիմվոլիկ ձևերով:
«Սասունցի Դավիթ» սրահի բազմաֆիգուր ծավալուն ստեղծագործությունը, որ պատկերում է հայկական էպոսի երեք տասնյակից ավելի դրվագներ, ականավոր հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի (1883-1959) «Սասունցի Դավիթ» գրաֆիկական հայտնի աշխատանքի (1922, 47x59 սմ, Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու) քանդակային տարբերակն է: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, ապա և Խորհրդային միության փլուզումից հետո տուֆակերտ որմնաքանդակն անավարտ է մնացել:
Բնօրինակը մոտ 15 անգամ գերազանցող «Սասունցի Դավիթ» որմնաքանդակում (1984-1988, 7x9,2 մ) Արտաշես Հովսեփյանը հանդես չի եկել սոսկ նմանակողի, «թարգմանչի» դերում, այլ փորձ է արել գեղարվեստական արտահայտության նոր միջոցներով, քանդակի լեզվով ցույց տալ, վերհանել Կոջոյանի նկարում թաքնված կոթողային ուժը: Այս աշխատանքը կոմպոզիցիոն անսովոր կառուցվածք ունի. կենտրոնում ազգային էպոսի գլխավոր հերոսն է՝ հեծյալի տեսքով Դավիթը՝ Քուռկիկ Ջալալու վրա, Թուր-Կեծակին ձեռքին՝ սրընթաց գրոհի պահին, իսկ այդ դրվագը շրջանակող փոքր հատվածների մեջ հայոց դյուցազնի կյանքը լուսաբանող պատկերներ են, այդ թվում՝ Սասունցի Դավթի ծնունդը, նրա առաջին որսը, գառնարածությունը, Մսրա Մելիքի հետ պայքարի կարևոր դրվագները (յուրաքանչյուր պատկեր ուղեկցված է համապատասխան մեջբերումով էպոսից): Հորինվածքը եզրագծող երկրորդ շարքով զարդամոտիվներ են, բնապատկերներ, ամրոցի պարիսպներ, Մարութա վանքը և այլն:
Արտաշես Հովսեփյանին հաջողվել է Կոջոյանի հեղինակած փոքրածավալ ջրաներկ ստեղծագործությունը փոխանցել քարի մեջ այնպիսի մոնումենտալ հնչեղությամբ, որ բոլոր մանրամասներն առավել ցցուն ներկայանան դիտողին:
Քանդակագործ Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Սառնակունք գյուղում (Սյունիքի մարզ): 1954 թվականին Հովսեփյանն ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որի երկրորդ կուրսից նրան տեղափոխել են Լենինգրադ (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ)՝ ուսանելու Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որը նա ավարտել է 1961 թվականին: 1989 թվականին քանդակագործն արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Արտաշես Հովսեփյանի առավել հայտնի աշխատանքների թվին է պատկանում մեծանուն հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974, ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան), որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ նշանավորելով Գաֆէսճեան քանդակների պարտեզի մուտքը: Այս ստեղծագործությունը վարպետը հեղինակել է՝ հաղթելով ճարտարապետի հուշարձանի համար հայտարարված մրցույթում, որտեղ արժանացել է թե առաջին, թե երկրորդ մրցանակներին:
Երևանում և Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքներում Արտաշես Հովսեփյանն ստեղծել է ավելի քան 50 բոլորաքանդակ, որմնաքանդակ և կիսանդրի՝ մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության նմուշներ: Նրա աշխատանքներից են Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները (1975, Երևան, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), Սիսիան քաղաքի մուտքի Արծիվը (1975), Երևանի կոնյակի գործարանի որմնաքանդակները (1975-1993), «Սասունցի Դավիթ» կայարանի որմնաքանդակները (1981, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը (1987, Երևան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան), գիտնականներ Օրբելի եղբայրների հուշարձանը (1988, Ծաղկաձոր, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), պատմաբան Նիկողայոս Ադոնցի հուշակոթողը (1993, Սիսիան, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), Քաշաթաղի Սուրբ համբարձման եկեղեցու որմնաքանդակները (2003), գուսան Ջիվանու հուշակոթողը Ջավախքում (2006, Ախալքալաք): Նա կատարել է նաև Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու ճակատի որմնաքանդակների էսքիզները (1969, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Արտաշես Հովսեփյանի վերջին աշխատանքներից է Հրանտ Մաթևոսյանի արձանը գրողի անունը կրող դպրոցի բակում (2013, Երևան): 1960-1980-ական թվականներին Արտաշես Հովսեփյանը կերտել է բազմաթիվ սքանչելի դիմաքանդակներ: Քանդակագործը նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: