Երեխաների պաշտպանության միջազգային օր 2011
- Ամսաթիվ 01 հնս 2011
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հունիսի մեկին հյուրընկալեց ավելի քան 80 հազար այցելու՝ տոնելով Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ավանդույթ դարձած այս միջոցառումը ներգրավեց հազարավոր երեխաների Հայաստանի տարբեր անկյուններից` նրանց միավորելով «Աշխարհը քոնն է» կարգախոսի շուրջ:
Միջոցառումն անց է կացվում պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանի բարձր հովանավորությամբ: Կազմակերպիչ-համահովանավորներն են Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերությունը: Միջոցառման տեղեկատվական գործընկերներն են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, Ռադիո «Վան»-ը, աջակից-գործընկերները` Գեղարվեստի պետական ակադեմիան և «ՄԳԱ Ուոթեր» ընկերությունը («Մաքուր ջուր» ապրանքանիշ):
Բազմաբովանդակ տոնակատարությունը մեկնարկեց ժամը 17:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Երեխաները մասնակցեցին բազմապիսի արվեստի խմբակների` նկարչություն, խեցեգործություն, բատիկ, տիկնիկների պատրաստում, «Արվեստի մոլորակի» ստեղծում, որոնք ուղղորդվում էին Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների կողմից:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայումս իրականացնում է բազմաթիվ մանկական կրթական և ստեղծագործական ծրագրեր, որոնց համահունչ է նաև հունիսի մեկի ամենամյա տոնակատարությունը: Այսօր մենք երեխաներին պարգևում ենք արվեստի հետ առնչվելու բերկրանքը` թե բացօթյա արվեստի խմբակների մասնակցությամբ և թե մեր համերգային բազմաժանր ծրագրով: Մեր նպատակն է հունիսի մեկը դարձնել անմոռանալի տոն երեխաների և նրանց ծնողների համար», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանը:
«Երեխաների պաշտպանության օրը ևս մեկ անգամ հիշեցում է մեծահասակներիս, որ երեխաների ապագան կախված է մեր այսօրվա ուշադրությունից և հոգատարությունից: Հանդիսանալով ազգային օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունը Հայաստանի քաղաքացիների աճող սերնդի դաստիարակման հարցում: Այդ գիտակցությամբ մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր և օգնում երեխաներին ստանալ որակյալ կրթություն, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, առնչվել մշակույթին ու արվեստին », - հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ վաճառքի տնօրեն Ալեքսանդր Սիվոլապովը:
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցեցին պարոն Բումը, բազմաթիվ մանկական երաժշտական խմբեր, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, ինչպես նաև հայ էստրադայի աստղեր: Երեկոն ավարտվեց Երևանի գիշերային երկնքում լուսավառվող շքեղ հրավառությամբ: