Երեխաների պաշտպանության միջազգային օր 2017
- Ամսաթիվ 01 հնս 2017
Երեխաները միավորում են աշխարհը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հանդես է եկել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված նոր նախաձեռնությամբ: Այս տարի այն կազմակերպվել է նոր ձևաչափով՝ ներգրավելով Հայաստանի չորս տեղական դպրոցների (Նաիրի Զարյանի անվան Երևանի N130 հիմնական դպրոց, Մնացական Ղազարյանի անվան Նոր Խարբերդի N2 միջնակարգ դպրոց, «Քվանտ» վարժարան, «Երևակ» կրթահամալիր) և QSI Երևանի միջազգային դպրոցի 6-ից 8-րդ դասարանների շուրջ 100 աշակերտի: Կրթական նախագիծը նպատակ ունի դպրոցներին համախմբել մեկ ընդհանուր հետազոտական ծրագրի մեջ՝ ստեղծելով համագործակցության հարթակ Հայաստանում օտարազգի համայնքի երեխաների և նրանց տարեկից տեղացի դպրոցականների միջև:
2017թ. հիմնական հետազոտական թեման է ՔԱՐԸ՝ որպես գեղարվեստական, հնագիտական և երկրաբանական հումք, որը, որպես համընդհանուր նյութ, կիսում է ողջ մարդկությունը:
Կրթական նախագիծը, որը մեկնարկել էր դեռևս 2017թ. ապրիլին, ընթացել է երկու փուլով: Մասնակից հինգ դպրոցների աշակերտները նախ ներգրավվել են քարերի մասին հետազոտական աշխատանքում, որի շրջանակներում այցելել են Հովհաննես Կարապետյանի անվան Երկրագիտության և Հայաստանի պատմության թանգարաններ, ինչպես նաև քարի թեմայի շուրջ պատրաստել հետազոտական նախագծեր, որոնց ներկայացումը տեղի է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2017թ.-ի մայիսի 27-ին:
Ծրագիրն ամփոփվել է Երկրագնդի խճանկար-ինստալացիայի ստեղծմամբ Գաֆէսճեան քանդակների պարտեզում 2017թ-ի հունիսի 1-ին:
Հունիսի 1-ի տոնական միջոցառումն ավարտվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում ժամը 19:00-ին հիփ հոփ և բրեյք դանս երաժշտական ոճերի պարային ներկայացումներով:
Ծրագրի հովանավորն է՝ Beeline Armenia ընկերությունը: