«Վարդագույն քաղաք» թվային ինստալյացիան կկայանա ԳԱԿ-ում
- Ամսաթիվ 25 սպտ 2021
2021 թվականի հուլիսի 25-ին, Եվրոպական ժառանգության օրերի և Իտալական դիզայնի օրվա շրջանակում, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը ներկայացնում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Վարդագույն քաղաք» թվային աուդիո-վիզուալ ինստալյացիան։
«Վարդագույն քաղաքը» սեպտեմբերի 25-ին ժամանում է Երևան՝ ամենավարդագույնը բոլոր քաղաքներից։ Երեկոյան ժամը 21։00-ից Կասկադ համալիրի ստորին հարթակի աստիճանների ու շատրվանների հատվածում կցուցադրվի իտալացի արվեստագետ Ֆրանց Չերամիի թվային մեծածավալ աուդիո-վիզուալ ինստալյացիան, որը պատմում է Սան Պաուլոյի, Երևանի, Կապրիի, Նեապոլի, Հռոմի, Փարիզի, Մարակեշի և Ռիո դե Ժանեյրոյի մասին՝ ներկայացնելով ձգտումը դեպի գունագեղ, փոփոխվող, ընդհատված աշխարհ․ մի աշխարհ, որն արտահայտվում է վայրերով, որոնք նոր կյանք են ստանում, տրամախաչման և ճանաչման պահեր բոլոր հասարակությունների համար։ «Վարդագույն քաղաք» ինստալյացիան աշխարհի մայրաքաղաքներով մեծ ճամփորդության շրջանակում պատմում է վարդագույն քաղաքի գեղատեսիլ և էմոցիոնալ գեղեցկության մասին։ Ինստալյացիան պատմում է այն վայրերի մասին, որտեղով անցել է արվեստագետը, և որոնք, հետևաբար, անցել են իր միջով՝ դառնալով երազած, կերպարանափոխված, ներկված ու կենդանացած քաղաքներ՝ տեսողական բանաստեղծությունների պես:
«Վարդագույն քաղաք» թվային ինստալյացիան կարող եք դիտել սեպտեմբերի 25-ին, սկսած 21։00-ից, Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ Կասկադ համալիրի աստիճանների մոտ։
Թվային ինստալյացիան տեղի կունենա նաև սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, ժ․՝ 21։00-ին։
ԳԱԿ-ում նախագծի իրականացման համար Հայաստանում Իտալիայի դեսպանությունը համագործակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և «Matrixxeffect» ստուդիայի հետ:
Ֆրանց Չերամի
Ֆրանց Չերամին միջազգային ճանաչում ունի իր գեղարվեստական յուրահատուկ փորձարկումների շնորհիվ, որոնք ուսումնասիրում են տեղական գործողության և գլոբալ մտքի միջև հնարավոր տարաբնույթ համադրումները: Մարդուն կառավարող անհամաչափ և խորհրդավոր դինամիկայով հրապուրված՝ Չերամին խաղում է, քողարկում, կլանում և փորձարկում առարկաներ, գործիքներ, վայրեր և իմաստներ՝ միավորված ձևական և արտահայտիչ փոխակերպման մշտական վիճակով, որը նա վերածում է մի հիբրիդային տեսողական լեզվի՝ նկարչության, լուսանկարչության, գրաֆիտիի և վիդեո-արվեստի միջև:
Արվեստագետը ստեղծում է այն, ինչ նույն ինքը սահմանում է որպես «թվային ինստալյացիաներ»․ մի տեսողական միաձուլում, որում անցյալն ու ապագան միախառնվում են համատարած և անուղղակի ներկայի մեջ։ Բազմաթիվ էսքիզներ դառնում են նախապատրաստական պատկերներ, որոնք հետագայում վերածվում են թվային շարժումների (շենքերի վրա արտապատկերված վիդեո քարտեզագրումներ)՝ կենդանի և աշխույժ էակների անիմացիաներ, որոնք իրենց շրջապատող համայնքի անբաժանելի մաս են կազմում։
Չերամիի արվեստում գլխավոր խոսքն է՝ նկարել։ Նրա յուրաքանչյուր կադր, անիմացիոն պատմությունների յուրաքանչյուր հատված ծնվում է նկարած էսքիզից, որը ժամանակի ընթացքում տարբեր փոփոխությունների է ենթարկվում, մինչև վերջում իրականանում է տեսալուսարձակման տեսքով։ Թղթի վրա տեղափոխված նկարները փորձարկվում են, ձևափոխվում են և ժամանակի ընթացքում ձևավորվում են յուղաներկի և գրաֆիտիի տեխնիկաներով թվայինի և անալոգայինի միջև անդադար երկխոսության։ Այլ կերպ ասած, գործերի նախնական առարկայությունը թույլ է տալիս արվեստագետի, ինչպես նաև մեր՝ հանդիսատեսիս հայացքը ուղղել դեպի աբստրակցիա։