Սվարովսկի Բյուրեղյա պալատ
Սվարովսկի Բյուրեղյա պալատ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի և Դիլլեր Սկոֆիդիո + Ռենֆրո դիզայներական ընկերության հեղինակած Սվարովսկի Բյուրեղյա պալատի ջահերի ընտրանին:
Սվարովսկի Բյուրեղյա պալատը շրջադարձային նախագիծ է, որն օգտագործելով սրահատ բյուրեղապակու զգայական գեղեցկությունը, ստեղծել է լույսի և դիզայնի
համադրությամբ եզակի օրինակներ: Նորովի արժևորելով ու մեկնաբանելով ջահի ավանդական մոտեցումները՝ Սվարովսկի Բյուրեղյա պալատը կոտրում է կարծրատիպերը և նոր էջ բացում լուսավորության, արվեստի և դիզայնի պատմության մեջ: Նախագծի շրջանակում իրենց ներդրումն են ունեցել աշխարհի լավագույն դիզայներները և դիզայներական ընկերությունները:
Սվարովսկի Բյուրեղյա պալատ շարքի հիրավի ամենատպավորիչ մտահղացումը՝ «Կասկադ» ջահը, ստեղծվել է 2003 թ. բելգիացի ճարտարապետ և դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից:
Վինսենթ Վան Դույզենի գեղագիտությանը բնորոշ է նրբագեղության և պարզության համադրությունը, որտեղ նախընտրությունը տրվում է պարզ և ամփոփ ձևերին:
Հոլանդացի դիզայներ Թորդ Բունթյեի «Ծաղկունք» շարքը ներկայացված է թանկարժեք քարերի ճյուղերից միահյուսված նրբագեղ ջահերի տեսքով:
Նրա աշխատանքներում շեշտը հավասարապես դրված է և հուզականության և դիզայնի վրա: Թորդ Բունթյեն հավատում է, որ մոդեռնիզմը դեռ չի նշանակում մինիմալիզմ, ժամանակակից դիզայնը չպետք է հեռանա ավանդույթներից, իսկ տեխնոլոգիան՝ մարդուց և զգացմունքներից:
Ավստրիացի դիզայներ Գեորգ Բալդելի «Լուսատուփը» Սվարովսի բյուրեղներից պատրաստված ջահ է, որ համալրել է Սվարովսի Բյուրեղյա պալատի հավաքածուն 2002թ-ին: Անձամբ Բալդելը նկարագրում է այս ստեղծագործությունը` որպես հսկայական սառցե բեկոր, որը ճախրում է օդում՝ շողշողալով ներսից ու դրսից: «Լուսատուփը» ստեղծված է մի շարք հորինվածքներով, այդ թվում՝ հորիզոնական և ուղղահայաց:
«Տալսա 2» ջահի դիզայներ Մայքլ Անաստասիադեսը, ոգեշնչվելով տորնադոյի կործանիչ ուժի գեղեցկությամբ, համադրում է ոլորապտույտ սվարովսի բյուրեղյա շղթաներ՝ ստեղծելով լույսի և քամու ներշարժում: