Ջերարդ Լ. Գաֆէսճեան

Ջերարդ Լ. Գաֆէսճեանը (1925-2013)` մեծ գործարար և բարեգործ, հիմնադրել է «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը (ԳԸՀ), «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը (ԳԹՀ) և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

  • Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մասին

    Ջերարդ Գաֆէսճեանը ծնվել է 1925-ի ապրիլի 26-ին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Նրա ծնողները ներգաղթել էին Միացյալ Նահագներ՝ Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին:

    • Ընտանիք և կրթություն

      Պատերազմից վերադառնալուն պես նա ամուսնացել է բուժքույր Քլեո Թոմասի հետ, ում հանդիպել էր պատերազմի ժամանակ: Ջ. Գաֆէսճեանը ստացել է տնտեսագիտության և իրավաբանության բակալավրի աստիճան: Նա ուսանել է Հանթեր քոլեջում և ապա Սուրբ Հովհաննես համալսարանի Իրավագիտական բարձրագույն դպրոցում: Նա Նյու-Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ էր:

    • Կարիերան West Publishing-ում

      1952թ-ին նա սկսել է իր մասնագիտական գործունեությունն աշխարհի առաջատար իրավաբանական տեղեկատվության ընկերություններից մեկում` West Publishing-ում, որպես իրավական հարցերով խմբագիր: Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, ով մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոթա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ` ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ և Տնօրենների խորհրդի անդամ:

      Նա հիմնադրել և հաջողությամբ իրականացրել է «Արևմտյան արվեստը և իրավունքը» /West Art and the Law/ ամենամյա ցուցահանդեսը: Այդ նախաձեռնության համար նա արժանացել է «Գործարարությունը և արվեստը» պարգևի, որն ավանդաբար հանձնվում էր արվեստի ոլորտում ներդրում կատարող կորպորացիաներին:

    • Կյանքի վաղ տարիներ. Ծառայություն ԱՄՆ նավատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

      Նա մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում տեղակայված ԱՄՆ Ռազմածովային նավատորմի կազմում՝ ծառայելով Կորսեր III զբոսանավի վրա, որը կառուցվել էր 1895 թվականին՝ ավելի ուշ վերածվելով գեոդեզիական հետազոտություններ կատարող ռազմանավի: Այն հետազոտություններ էր կատարում Սոլոմոնյան կղզիների հատվածում: Գաֆէսճեանը նաև ծառայել է Անդրես ամերիկյան ռազմանավի վրա: 

    Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մասին
    • «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամ

      1996թ-ին, ի նշան իր հայկական ծագման, Ջ. Գաֆէսճեանը հիմնադրեց «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը: ԳԸՀ-ի նպատակն է նպաստել հայ ազգի նկրտումներին` ցեղասպանության թողած ողբերգական հուշերի բեռը թեթևացնելու գործում: Ջ. Գաֆէսճեանը նվիրաբերել է միլիոնավոր դոլարներ Հայաստանին օգնելու և հայերի խնդիրների լուծմանն աջակցելու համար:

      «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը նախաձեռնել է նաև մի շարք նախագծեր, որոնց նպատակն է ստեղծել աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական ակտիվություն` վերականգնվող էներգետիկայի, ԶԼՄ-ների, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի զարգացման, համակարգչային ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտներում ծրագրերի զարգացման և իրականացման համար:

    • Կասկադի համալիրի վերանորոգումը

      Ջերարդ Գաֆէսճեանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից Կասկադի վերանորոգումն էր, որտեղ 2009 թվականին բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որ կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը: Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Ջ. Գաֆէսճեանը նպատակ ուներ արվեստի միջոցով նոր լույս տարածելու հայերի կյանքում: Թանգարանում ներկայացված է համաշխարհային կարգի քանդակների պարտեզ՝ Բոտերոյի, Պլենզայի, Վոյտուկի, Վասկոնսելոսի գործերով։ Քանդակների պարտեզի և ցուցասրահների մուտքն անվճար է, և այն այժմ Հայաստանի ամենահայտնի հանդիպման վայրերից մեկն է:

       

             

      2025 թվականին նշվեց Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակը։ Այս առիթով, ՀՀ Կենտրոնական Բանկը թողարկեց «Ջերարդ Լ. Գաֆէսճեան – 100» ոսկե հուշադրամը, իսկ «Հայփոստ» ընկերության կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ։

      Իմանալ ավելին Կասկադ համալիրի մասին
    «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամ