Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Գաֆէսճեան Արթ Թրասթից: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպել է տասնյակ ցուցադրություններ, այդ թվում նախաձեռնելով հատուկ շարքեր, ինչպիսին են` Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը, Միջթանգարանային համագործակցությունը, Կին արվեստագետների ցուցադրություններ, երիտասարդ արվեստագետներին բացահայտող նախագծեր, միջազգային համագործակցություններ, փառատոնային նախաձեռնություններ և այլն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը իր կազմավորման տարիներից ի վեր կարևորել է թանգարանի կրթադաստիարակչական գործառույթը: Կրթությունը մշտապես եղել է Կենտրոնի առաքելության անկյունաքարերից մեկը` այն դարձնելով թանգարանային կրթության կարևոր օջախ: ԳԱԿ-ի առաքելությանը համաձայն, մշակվել և իրականացվել են տարբեր ձևաչափերի կրթական ծրագրեր, որոնց մասնակցել են տեղական գրեթե բոլոր դպրոցները, ինչպես նաև հանրապետության մի շարք մարզային դպրոցներ:
2017 թվականից ԳԱԿ-ում իր ակտիվ գործունեությունն է ծավալում Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը, որի նախաձեռնած ցուցադրությունների և նախագծերի շնորհիվ Կենտրոնը դարձել է սիրելի վայր բոլոր դեռահասների համար:
Իր տասնամյա գործունեության ընթացքում ԳԱԿ-ը իրականացրել է մոտ 73 կրթական ծրագիր և նախաձեռնություն 2000 հանդիպումներով՝ տարբեր տարիքային խմբերի, դպրոցների և ընտանիքների, ինչպես նաև արվեստասեր հանրության համար, որոնք ունեցել են ավելի քան 55,000 մասնակիցներ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մենք հպարտությամբ ներկայացնում ենք արդի և ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր արվեստագետների գործերը՝ ինչպես Գաֆէսճեան քանդակների պարտեզում, այնպես էլ` Կասկադ համալիրի տարածքում։ Մեր հավաքածուի կարևոր բաղադրիչ են կազմում Ֆերնանդո Բոտերոյի, Ջեք Յանգերմանի, Յուե Մինջունի, Դո Հո Սուհի, Դեյվիդ Բրոյեր-Վեյլի, Գաետանո Պեշեի և Ռոբերտո Մատտայի նշանավոր աշխատանքները։ Այս մշտական ցուցադրությունները կյանքի են կոչում Կենտրոնի ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու առաքելությունը։