ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ Աշոտ Աշոտ․ ստեղծագործության հոգեբանությունը
- Ամսաթիվ 04 ապր 2026
Ապրիլի 3-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Չափանիշ» ցուցադրությունը՝ մասնակցությամբ արվեստագետներ Աշոտ Աշոտի, Մ․Կարոյի և Նարեկ Ավետիսյանի։ Այդ առիթով տեղի կունենա հանդիպումների շարք ցուցադրության հեղինակների հետ։
Ապրիլի 4-ին, ժամը 14:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում, «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքի շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում փարիզաբնակ հայ արվեստագետ Աշոտ Աշոտի հետ։ Հանդիպման թեման էր՝ «Ստեղծագործության հոգեբանությունը»։
Աշոտ Աշոտը (ծնվ. 1961, Երևան, Աշոտ Ղազարյան) իր սկզբնական գեղարվեստական կրթությունը ստացել է Հայաստանում, այդ թվում՝ սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, ապա ակտիվորեն ներգրավվել է ուշ խորհրդային շրջանի փորձարարական արվեստային շարժումներում։ Նա եղել է «3-րդ հարկ» շարժման մասնակիցներից, ինչպես նաև Հայաստանի ուշ խորհրդային և հետխորհրդային տարիների ավանգարդ և պերֆորմատիվ պրակտիկաների առաջամարտիկներից՝ որոշիչ դեր խաղալով Հայաստանում ժամանակակից արվեստի ձևավորման գործում։ 1980-ականների սկզբից Աշոտ Աշոտը լայնորեն ցուցադրվել է Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ անհատական և խմբային ցուցահանդեսներով այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Հայաստանի ազգային պատկերասրահը կամ Զիմերլի արվեստի թանգարանը, ինչպես նաև տարբեր հարթակներում՝ Փարիզում, Լոս Անջելեսում և Վենետիկում։ Նրա աշխատանքները ներկայացվել են նաև միջազգային փառատոներում և նախագծերում, որոնք կապված են փորձարարական և պերֆորմատիվ պրակտիկաների հետ։ Նրա ստեղծագործությունները ընդգրկված են կարևոր հանրային հավաքածուներում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Ֆրանսիայի ժամանակակից արվեստի ազգային հիմնադրամում (FNAC) և այլ միջազգային արվեստային ինստիտուցիաներում։ Աշխատելով գեղանկարչության, գծանկարի և կոնցեպտուալ արվեստի ձևաչափերով ՝ Աշոտ Աշոտի ստեղծագործությունը արտացոլում է աբստրակցիայի, ինչպես նաև նոր վիզուալ լեզուների հետ շարունակական հարաբերությունը՝ արտացոլված Afactum (Աֆակտում) շարքի մեջ։
Միջոցառումից հետո այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու «Չափանիշ» ցուցադրությունը Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում, ինչպես նաև Ցուցասրահ Մեկում։