«Արվեստանոց» ցուցադրությունը Դիլիջանի արվեստի փառատոնում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 2019-ի ապրիլի 6-13-ը Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը:
Դիլիջանի արվեստի փառատոնը հիմնադրվել է 2018 թ. Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Դիլիջան) ուսանողների կողմից: Փառատոնի նպատակն է արվեստի բնագավառի տարբեր միջոցառումների շուրջ համախմբել արվեստասեր երիտասարդներին և այդպիսով ստեղծել մշակութային ցանց:
ԳԱԿ-ը փառատոնի շրջանակում ներկայացավ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ, որը տեղի էր ունեցել դեռևս 2018թ. փետրվար – հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում էր տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այդ նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ Դիլիջանի արվեստի փառատոնում, որը կարևոր իրադարձություն է արվեստի բնագավառում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում UWC Դիլիջանի միջազգային դպրոցին՝ մեզ այս հրաշալի միջոցառմանը մասնակից դարձնելու համար», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: