21 հկտ 2019 - 21 հկտ 2019

Պատանի արվեստագետների հարթակ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հոկտեմբերի 21-ին ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացվող «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը:

Կարևորելով պատանի արվեստագետների ինքնարտահայտվելու անհրաժեշտությունը` Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվեց մի նոր հարթակ, որի նպատակն է պատանիներին առիթ ընձեռել՝ ներկայացնելու իրենց արվեստը, առանց տեսակի սահմանափակման: Ընտրված ութ մասնակիցները ներկայացրեցին իրենց պորտֆոլիոները, որին հաջորդեց քննարկում:

«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով: «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը հրաշալի առիթ է պատանիների փոխշփման, նոր տաղանդների բացահայտման,  կապերի հաստատման,  նոր համատեղ նախագծերի ստեղծման և իհարկե Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նոր անդամներով համալրման առումով», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: 

«Տաղանդներ ու հանճարներ հենց այնպես չեն հայտնվում, նրանց բոլորի կյանքում լինում է ինչ-որ մեկը, ով նրանց աջակցում է: Հաճելի է գիտակցել, որ այս պատանիների համար հենց մենք և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կլինենք այդ ինչ-որ մեկը, ով նրանց հնարավորություն կտա բացահայտել իրենց և մեծ հաջողությունների հասնել ապագայում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։