31 մրտ 2018 - 10 հնս 2018

Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում

Արա Հարությունյանը  (1928-1999) խորհրդային  ժամանակաշրջանի հայ ամենաականավոր մոնումենտալ քանդակագործներից էր: Նրա կոթողային ստեղծագործություններն սփռված են հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններում, ինչպես նաև այդ սահմաններից դուրս: Արա Հարությունյանի  գեղարվեստական ժառանգությունը  բազմաշերտ է. մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններ, դիմաքանդակներ, շիրմաքարեր, բազմաթիվ գծանկարներ և գրաֆիկական  աշխատանքներ:

Գաֆէսճեան  արվեստի կենտրոնի «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում»  ցուցադրությունը, որ իրականացվել է «Արա Հարությունյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ և  նվիրված է արվեստագետի ծննդյան 90-ամյակին,  այդուհանդերձ  հետահայաց լինելու միտում չունի: Աշխատանքներ են ներկայացված տարբեր շրջափուլերից՝ բացահայտելով վարպետի հարուստ գեղարվեստական լեզուն և կենտրոնական դերը հայկական քանդակագործության էջերում:

1950-ական թվականները  արվեստագետի  կայացման և լայն ճանաչման տարիներն  էին: Այս շրջանում է արտահայտվում նրա կամերային քնարերգությունը,  որը հատկապես նկատելի է նույն տարիներին ստեղծված մի շարք դիմաքանդակներում («Ուսանողուհի», 1954, «Իդա Կար», 1957): Ի դեպ, Իդա Կարին պատկերող աշխատանքը նա բեկումնային էր համարում իր ստեղծագործության մեջ: Այս դիմաքանդակում արդեն նկատելի են ֆորմայի մոնումենտալ ընկալման հիմքերը:

1960-1970-ական թվականները դարձան քանդակագործի ամենաբուռն ու բեղմնավոր ստեղծագործական տարիները: Իր քառասունից ավելի մոնումենտալ աշխատանքների մեծ մասը ստեղծվել է հենց այս տարիներին: 

Քանդակագործությանն ու արձանագործությանը զուգահեռ Արա Հարությունյանը ակտիվորեն զբաղվում էր գրաֆիկայով: Յոթանասունականների վերջում սկսված և մինչ ուշ իննսունականներ շարունակված ստեղծագործությունների, այդ թվում՝ օֆորտների քանակը, վկայում են, որ արվեստի այս ձևն արդյունքում  ավելին է քան միջոց քանդակագործի  համար. հատկապես օֆորտը պարզապես միջոց չի կարող դիտարկվել:

Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգության մեջ հստակ նկատելի է նրա անվերապահ կապը դասական արվեստի և պատմական կարևոր մոնումենտալ կառույցների հետ՝ լինի դա հունական արխայիկ կուրոսը («Պատանեկություն», 1962), Պերսեպոլիսի, Ասորեստանի, Ուրարտուի մոնումենտալ ժառանգությունը («Խալդի շինարար», 1963, «Որս», 1968), թե` Սուրբ Սեբաստիանի կերպարը («Հաղթողը», 1962):

Արա Հարությունյանի արվեստում առանձնահատուկ տեղ են գրավում կանացի կերպարները: Արվեստագետի աչքը գրավում են կանացի նուրբ դիմագծերն ու մարմնի դինամիկան, որը հատկապես գրաֆիկական աշխատանքներում որոշակի էրոտիզմի շունչ է ստանում: Սակայն անգամ այդ նրբագեղ ստեղծագործություններում ցցուն երևում է ֆորմաների մոնումենտալ կերպը: Հատկապես ուշագրավ է տարբեր թվագրություններ ունեցող մերկ ֆիգուրների շարքը, որոնցում բնորդուհիները ոչ թե նկարված, այլ քանդակված են՝ կոպիտ, անհարթ ուրվագծերով:

1980-1990-ական թվականներին  Արա Հարությունյանն  սկսեց նաև էքսպերիմետներ անել աբստրակտ ֆորմաների հետ: Արա Հարությունյանին  դժվար է անվանել աբստրակցիոնիստ, սակայն նրա ստեղծագործության այս եզրը քիչ հետազոտված: Այն առաջին հերթին  ներկայացման կարիք  ունի: Անգամ վերացական աշխատանքների դեպքում մենք առնչվում ենք մոնումենտալ մտածողության և այդ ոգով ստեղված գեղագիտության սահմանների անորոշությունը:

Այս ցուցադրության միջոցով մենք փորձում ենք արվեստի «մոնումենտալ» լինելու բանալին գտնել: Որտե՞ղ է սկսվում և ավարտվում մոնումենտալը. Արա Հարությունյանի արվեստը գալիս է ապացուցելու, որ սկիզբն ու վերջը դժվար է սահմանել:

  • Կրթական ծրագիր
    Վերա-Երևակայիր քանդակը
    Իմանալ ավելին
  • Ցուցադրության պատկերագիրք
    Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում