Արտո Չաքմաքչյան. վերածնունդ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրության բացումը, որը ներկայացնում է հետխորհրդային շրջանում կանադաբնակ հայ արվեստագետի առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում: Վերջին 40 տարիներին ապրելով և աշխատելով Կանադայում ՝ արվեստագետը պահպանել է կապն իր արմատների և հայկական մշակույթի հետ:
Ցուցադրությունն ընդգրկում է 10 քանդակ և 20-ից ավելի գրաֆիկական աշխատանք արվեստագետի ստեղծագործական բազմամյա ուղուց, այդ թվում եզակի ստեղծագործություններ հայկական վաղ շրջանից`ներկայացնելով նրա վերջին տասնամյակների ոճական և գեղարվեստական զարգացումը: Հայկական մշակույթի երկու առանցքային ֆիգուրներ Գրիգոր Նարեկացին և Կոմիտասը մշտապես ոգեշնչման աղբյուր են հանդիսացել արվեստագետի համար, և նրանց պատկերող աշխատանքները կենտրոնական տեղ են գրավում այս ցուցադրության շրջանակներում` ընդգծելով արվեստագետի գաղափարախոսությունը հայկական մշակույթի և նրա հոգևոր ուժի առնչությամբ:
Արտո (Հարություն) Չաքմաքչյանը ծնվել է Եգիպտոսում 1933թ.: Նրա ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան 1946թ.: Իր մասնագիտական ուսուցումն սկսել է 15 տարեկան հասակում Փանոս Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում: 1962թ. արժանացել է Պրահայի Ժամանակակից կերամիկայի միջազգային ցուցադրության առաջին մրցանակին «Պառկած ֆիգուր» ստեղծագործության համար: Արվեստագետը նաև արժանացել է Մոսկվայի խաղաղության հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հիրոշիմայի զոհերի հիշատակի հուշարձանի մրցույցի» առաջին մրցանակին: 1964թ. ստեղծագործությունը ԽՍՀՄ կողմից նվիրաբերվել է Հիրոշիմա քաղաքին:
1969թ. նա նաև ստացավ Հայաստանի երիտասարդական միության ոսկե մեդալը «Մայր» և «Առնո Բաբաջանյան» աշխատանքների համար, որոնք ձեռք բերվեցին Մոսկվայի Տրետյակովյան թանգարանի կողմից: 1984թ. շահեց առաջին մրցանակը Մոնրեալում անցկացված Ուիլֆրեդ Պելետիեյի մրցույթում՝ ներկայացնելով վերջինիս կիսանդրին: Աշխատանքը մշտական ցուցադրությամբ ներկայացված է Մոնրեալի Արվեստների պալատի մուտքի սրահում: Նրա աշխատանքները նաև ցուցադրվել են համաշխարհային ճանաչում վայելող թանգարաններում, մասնավորապես Լուվրում: Նրա վերջին կարևոր ցուցադրությունը կայացել է 2010թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի կենտրոնական գրասենյակում:
Պարգևներ.
2004՝ «Մովսես Խորենացի» մեդալ ՀՀ նախագահի կողմից
2009՝ «Շնորհակալագիր» Քվեբեկի մշակույթի նախարարից
2009՝ «Նարեկացի» մեդալ Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանից
2015՝ Պատվո շքանշան ՀՀ նախագահից