23 մրտ 2017 - 04 հնս 2017

Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության բացումը՝ նվիրված մեծանուն հայ արվեստագետի 80-ամյա հոբելյանին: Ռուդոլֆ Խաչատրյանը բազմակողմանի ստեղծագործական կյանք է ապրել, տարբեր գեղարվեստական շրջափուլերով՝ թողնելով շատ հարուստ գեղարվեստական ժառանգություն: Ցուցադրությունում ընդգրկված են ստեղծագործություններ ինչպես մասնավոր հավաքածուներից, այնպես էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահից և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանից: 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն է այս հետահայաց ցուցադրության միջոցով ներկայացնելու Ռուդոլֆ Խաչատրյանի անցած ողջ ստեղծագործական ուղին՝ սկսած 1950-ական թվականներից մինչև 2000-ականներ: «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցահանդեսի շրջանակներում առկա են նկարչի առավել հայտնի լևկասի վրա արված իրապաշտական ստեղծագործությունները: Բացի այդ արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա տեսնելու արվեստագետի ուշ շրջանի յուրահատուկ կերպարներն ու քանդակները, ինչպես նաև վաղ պատանեկան շրջանի աշխատանքները՝ բացահայտելով Ռուդոլֆ Խաչատրյան «բազմաչափ» արվեստագետին: 

Ցուցադրությունը գործելու է 2017թ. մարտի 23-ից մինչև հունիսի 4-ը: Հանրային բացումը կլինի մարտի 24: Մուտքն անվճար է:

Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է Երևանում 1937թ.: 1951թ. մի քանի ամիս սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, որտեղից հեռացվել է ուսուցման սկզբունքների հետ անհամաձայնության համար: 1952թ. հանդիպել է Երվանդ Քոչարին, ով դարձել է պատանի նկարչի ուսուցիչն ու ավագ ընկերը: 1955թ. մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցադրությունների: 1960թ. դառնում է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1950-1960-ական թթ. մի շարք փառատոների շրջանակում արժանանում է ոսկե և արծաթե շքանշանների իր ստեղծագործությունների համար: 1961թ. Պետական պատկերասրահը ձեռք է բերում Հայաստանի մշակութային գործիչների մի քանի դիմանկար: 1971թ. ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: 1977թ. արժանանում է Հայաստանի վաստակավոր, իսկ 1984թ.՝ ժողովրդական նկարչի կոչումներին: 1989-1994 թթ. ապրում և ստեղծագործում է Լոնդոնում: 1997թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից արժանանում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանին: 2002թ. ընտրվում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ: 2003թ. արժանանում է ՀՀ Մովսես Խորենացու մեդալին, ինչպես նաև «Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե մեդալին: Արվեստագետը մահացել է Գերմանիայում 2007թ.:
 

  • Ցուցադրության պատկերագիրք
    Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում