13 հկտ 2013 - 30 մրտ 2014

Դագ Արգյու. գեղանկարներ հավերով

Դագ Արգյու. գեղանկարներ հավերով

Դագ Արգյու. գեղանկարներ հավերով

Ես չեմ փորձում հետևել ինչ-որ կանոնների կամ փիլիսոփայական սկզբունքների և իմ կտավներն ստեղծում եմ նույն մոտեցմամբ: Աշխատանքներից յուրաքանչյուրն իր սեփական ոդիսականն է վերապրում՝ կերտելով իր անհատական պատմությունը: Կտավի լայնամասշտաբ տարածությունն օգնում է պահպանել ժամանակի ընթացքում արված փոփոխությունները՝ հաստատելով ստեղծագործությունը պատկերից անդին՝ անցնելով իմ երևակայության և տեսլականի սահմանները: Յուրաքանչյուր ստեղծագործություն կազմված է «հնագիտական» շերտերից, որոնք թե՛ այլաբանորեն և թե՛ ուղղակիորեն ճառագում են ներկերի շերտերից:

Դագ Արգյու

Արվեստի ուժը չի ենթարկվում պայմանականությունների, այն գոյություն ունի արվեստագետի մտքից և սուբյեկտի պատկերագրությունից անկախ: Ժամանակակից ամերիկացի արվեստագետ Դագ Արգյուի ստեղծագործությունները, կրելով այդ ազատությունը, նոր իմաստ են ստանում յուրաքանչյուր դիտողի հետ: Նկարչի ինտելեկտուալ և գաղափարական  մտահորիզոնը ներառում է բազմաթիվ ստեղծագործական շարքեր՝ կատարված տարբեր նյութերով: Ոգեշնչվելով Վերածննդի նկարիչներից, հատկապես Տինտորետտոյից, ինչպես նաև Ջեքսըն Փոլոքի մեծադիր ստեղծագործություններից՝ Դագ Արգյուն իր կտավների երկչափ հարթության սահմաններում ձգտում է պատկերել անսահմանություն՝ ստեղծելով մեծադիր կտավներ, որոնցում սովորական օբյեկտները ներկայանում են ժամանակակից հասարակության հորձանուտի ենթատեքստում՝ մոնումենտալ և վերաիմաստավորված կերպերով:

Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող հավերով»Անանուն» գեղանկարը և երեք հավերի դիմապատկերները առանձնանում են իրենց գերիշխող չափսերով և բծախնդիր  կատարմամբ: «Հավերով» ստեղծագործությունը, որն ավարտելու համար պահանջվեց երկու տարի, Ֆրանց Կաֆկայի պատմվածքներից մեկի ոգեշնչման արդյունք է: Մինչ Հայաստան ժամանելը, «Անանուն» հավերով գեղանկարը հանրային բուռն քննարկումների էր արժանացել, երբ Ջերարդ Գաֆէսճեանը 1995 թվականին այն ցուցադրության էր հանձնել Մինեսոտայի համալսարանի Ուայզմեն արվեստի թանգարանին:

Ստեղծագործության արձագանքը գերազանցեց արվեստագետի նախնական մտահղացումը՝ «ստեղծել անսահմանություն և բազմազանություն սահմանափակ տարածությունում»: Պատկերի ուղղանկյուն մատրիցան, որն ստեղծում է դեպի անծայրություն ձգվող անօդ տարածություն, հսկայական X-ի է վերածվում նկարի կենտրոնում, որը կարծես ակնարկում է ստեղծագործության արտաքին հորինվածքային պարզության և ներքին բովանդակային բարդության անհամապատասխանությունը: 

Թռչնաբուծական ֆաբրիկա՞... թե՞ բնապահպանական ուղերձ տարեկան 50 միլիարդ հավեր իրացնող սպառողական հասարակարգին, գուցե վիրտուալ տիրույթներում վանդակված մարդկության աճող օտարացման վիզուալ մեկնաբանությու՞ն: 

Դագ Արգյուն ընդլայնում է հավերով գեղանկարների թեման և ստեղծում  անհատականացված դիմապատկերների շարք: Այդ թռչուններն՝ իրենց անհեթեթ կեցվածքներով, հանդես են գալիս՝ որպես անանուն պատմական կերպարների առեղծվածային դիմանկարներ: Փաստորեն, աշխարհում ամենից շատ անտեսված կենդանիներից մեկը հաղթահարում է «մեծ ճակատամարտը՝ նոր փոփոխություն ներդնելով մշակութային  դաշտում»:

«Դագ Արգյու. գեղանկարներ հավերով» ցուցադրության հանրային բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին: Այդ օրը մուտքը «Արծիվ» սրահ անվճար էր: Ցուցադրությունը կտևի մինչև դեկտեմբերի 29-ը:

Դագ Արգյուն ծնվել է 1962 թվականին Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքում: Նրա աշխատանքներն ընդգրկված են բազմաթիվ հանրային հավաքածուներում, այդ թվում` Ուոքեր արվեստի կենտրոնում, Մինեսոտայի Ամերիկյան արվեստի թանգարանում, Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում, ինչպես նաև Ֆրեդերիկ Ուայզմեն արվեստի հիմնադրամում: 2009 թվականին Լոնդոնի ստեղծագործական մրցույթում Արգյուն ճանաչվել է տարվա արվեստագետ: Նա արժանացել է այնպիսի պատվավոր մրցանակների, ինչպիսին են Հռոմի մրցանակը, արվեստի ազգային անվանական կրթաթոշակը, Բուշ և Փոլոք-Կրասներ հիմնադրամների դրամաշնորհները: Դագ Արգյուն ներկայումս ապրում է Նյու Յորքում:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում