22 սպտ 2016 - 25 դկտ 2016

Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3՝ Բորիս Գալստյանի հավաքածու. Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրագործում է իր կարևոր առաքելություններից մեկը՝ ներկայացնել աշխարհին հայ մշակույթի լավագույնը: 
Կոլեկցիոներ Բորիս Գալստյանի ամբողջ հավաքածուի ժամանակագրական արեալը բավական ընդարձակ է, սակայն նա հատկապես համակրում է 1960-1970-ականների հայ կերպարվեստին՝ կենտրոնանալով խորհրդահայ Ազգային մոդեռնիզմի արվեստագետների աշխատանքների վրա:
Մինաս Ավետիսյան (1928-1975), Վրույր Գալստյան (1924-1996) և Աշոտ Հովհաննիսյան (Դեղձ Աշոտ, 1929-1997) անունները հստակ եզրագծում են «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի երրորդ ցուցադրության սահմանները՝ թե՛ ժամանակագրական, և թե՛ գեղարվեստական: 
1960-1970-ական թվականները եղել են խորհրդահայ կերպարվեստի համար բեկումնային տարիներ: Խրուշչյովյան Ձնհալը ստեղծել էր համեմատաբար բարենպաստ հասարակական-քաղաքական և մշակութային իրավիճակ, ինչի արդյունքում աշխուժացել էր գեղարվեստական կյանքը: Այս զարգացումների ծնունդ էր նաև նկարիչներ Մինաս Ավետիսյանի, Վրույր Գալստյանի և Աշոտ Հովհաննիսյանի նման արվեստագետների ստեղծագործությունը: Թեև ցուցադրությունը սահմանափակված է մի հավաքածուի շրջանակներով, այդուհանդերձ հնարավորություն է ընձեռում առանձին-առանձին բացահայտելու երեք արվեստագետների բազմաշերտ գեղագիտական մտածողությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կտավներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում: Բորիս Գալստյանի հավաքածուում տեղ գտած Վրույր Գալստյանի և Դեղձ Աշոտի այս աշխատանքները մինչ այժմ չեն ցուցադրվել, իսկ Մինաս Ավետիսյանի 20 աշխատանքների մի մասն է միայն մասնակցել արվեստագետի անհատական կամ խմբային ցուցադրությունների:
«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի 3-րդ ցուցադրության շրջանակներում Մինասի աշխատանքները կենտրոնական դիրք են գրավում և առավել հանգամանալից են ներկայացված երկու հիմնական պատճառներով. առաջին հերթին Բորիս Գալստյանի հավաքածուում Մինասը ևս կենտրոնական տեղ է զբաղեցնում և երկրորդ հերթին՝ փաստ է, որ այս ժամանակաշրջանը կապվում է առաջին հերթին Մինաս Ավետիսյանի անվան հետ:
Ներկայացված են ոչ միայն արվեստագետի վաղ տարիների ստեղծագործությունները, այլև ամփոփված է վերջին շրջանը՝ 1970-ական թվականները: Հայտնի է, որ այս տարիների աշխատանքներից շատերն անվերադարձ կորսվել են 1972 թվականի հրդեհում, և այս մի քանի աշխատանքներով կարելի է որոշակի գաղափար կազմել ինչ փուլում էր գտնվում արվեստագետը: 
Վրույր Գալստյանի և Դեղձ Աշոտի աշխատանքների ընդգրկումը Բորիս Գալստյանի հավաքածուում և, բնական է, այս ցուցադրությունում քանակական առումով թեև զիջում է Մինաս Ավետիսյանի ստեղծագործություններին, սակայն գեղարվեստական արժևորման տեսանկյունից անհնարին է թերագնահատել այդ ընտրանին: 
Վրույր Գալստյանի տասը կտավներն այս ցուցադրությունում շատ հստակ պատկերացում են տալիս նկարչի ձեռագրի մասին, որը թեև գունային շառավղի առումով որոշակի եզրեր ունի մյուս երկու արվեստագետների հետ, սակայն բովանդակային և հորինվածքային տեսանկյունից առանձին տեղ է զբաղեցնում 1960-1970-ականների համատեքստում:  Մինասից և Դեղձ Աշոտից Գալստյանին առաջին հերթին տարբերում է քաղաքային գեղագիտությունը, ինչը հատկապես ակնհայտ է երեքի ստեղծագործությունների այս համադրության մեջ, որտեղ գյուղական տեսարանների կողքին տեսնում ենք Վրույր Գալստյանի՝ Երևան քաղաքի վիզուալ ընկալումը Կոնդի յուրահատուկ լանդշաֆտներով: Ցուցադրությունում Դեղձ Աշոտի աշխատանքները ներկայացնում են արվեստագետի արդեն հասուն և ուշ շրջանի կտավները: Նկարչի՝ արդեն հայտնի երկրաչափական ֆորմաներով ստեղծագործություններից զատ, սրահում կան աշխատանքներ, որ բացահայտում են արվեստագետին անսպասելի կողմերից: Բացի գեղանկարներից, «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի երրորդ ցուցադրությունում առկա Դեղձ Աշոտի գրաֆիկական աշխատանքները երևան են հանում այս արվեստագետի մինչ այժմ գրեթե չներկայացված և չլուսաբանված շերտ: Այս ստեղծագործությունները արտացոլում են այդ ժամանակաշրջանում արվեստագետների հայացքը դեպի արևմուտք՝ դեպի Եվրոպա և ԱՄՆ, որոշակի ձգտումը դեպի համաշխարհային մոդեռնիստական զարգացումներ: 
1993 թվականի մարտին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Երեք գունաշխարհ» խորագիրը կրող ցուցադրությունը, որի շրջանակներում երեք տարբեր սրահներում ներկայացված էին Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները: Այն նորանկախ Հայաստանի առաջին մեծ ցուցադրություններից էր երկրի գլխավոր թանգարանում: «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3» ցուցադրությունը ոչ միայն բացահայտում է Բորիս Գալստյան կոլեկցիոներին, այլև որոշակի առումով կարևոր հանգրվան է դառնում հայ կերպարվեստի պատմության համար, ինչպես 23 տարի առաջ կայացած ցուցադրությունը: Եթե Սարյան-Կալենց-Մինաս գիծը գունապլաստիկ մտածողության առումով ամփոփում է հայ կերպարվեստը մինչ 20-րդ դարի 1970-ականներ, ապա Մինաս-Վրույր-Դեղձ եռյակը ցույց է տալիս այս գծի շարունակականությունը և որոշակի ավարտը: 1980-ականների վերջում Խորհրդային Հայաստանի փլուզմամբ և Հայաստանի անկախության հռչակմամբ արդեն ձևավորվեց սոցիալ-քաղաքական և մշակութային այլ միջավայր՝ այլ արվեստի պահանջարկով, որի հիմքերը դրվել են դեռ 1970-ականներին, այդ թվում՝ այս արվեստագետների կողմից:

Բորիս Գալստյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, 1945 թվականին։ 1966 թվականից բնակվում է Երևան քաղաքում, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է ՆԳ համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Նա համալրում է իր արվեստի հավաքածուն շուրջ 30 տարի:

  • Ցուցադրության պատկերագիրք
    Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում