Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր. Ռեգենթագ
Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր. Ռեգենթագ
Արվեստը պետք է նախազգուշացնի. դա արվեստի խնդիրն է, սակայն այն պետք է նաև լուծում առաջարկի:
Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր, 1982
Նրա տեսլականը պայքար էր. արվեստը` ելք դեպի բնության հետ ներդաշնակ ավելի գեղեցիկ աշխարհ:
Արվեստագետ, ճարտարապետ և բնապահպան-իդեալիստ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերը (1928-2000) անկասկած 20-րդ դարի հետպատերազմյան արվեստի ամենավառ և հակասական կերպարներից է, ում ստեղծագործական գործունեությունը բացահայտ բողոք էր մոլորակի հանդեպ հասարակության ահագնացող սպառնալիքների դեմ: Արվեստագետը ծնվել է Վիեննայում, Ֆրիդրիխ Ստովասեր անվամբ, հրեա մոր և քրիստոնյա հոր ընտանիքում, ով կյանքից հեռացավ, երբ նա մեկ տարեկան էր: Վերապրելով Երկրորդ աշխարհամարտի սարսափները, որի արդյունքում նա կորցրեց իր մայրական ճյուղի գրեթե բոլոր անդամներին` Հունդերթվասերն ընդունեց այնպիսի աշխարհայացք, որը մերժում էր ռացիոնալիզմը և բոլոր տոտալիտար դրսևորումները, հետ-արդյունաբերական սրընթաց աճող սպառողականությունը և զանգվածային արտադրությունը. ուղիղ գիծը` որպես «մեր դատապարտված քաղաքակրթության նեխած հիմք»:
Հունդերթվասերն առաջ քաշեց նոր աշխարհի իր տեսությունը, որը փրկություն կբերեր մարդկությանը և կսահմաներ իրերի նոր կարգ, խաղաղություն և տիեզերական ներդաշնակություն: Նրա կյանքի փիլիսոփայությունը հիմնված էր մարդու գոյաբանական հինգ փոխկապակցված շերտերի անընդհատ ցիկլի վրա. էպիդերմիս` կենսաբանական մաշկ, հագուստ` ձեռագործ մաշկ, տուն` պաշտպանիչ մաշկ, ինքնություն` սոցիալական մաշկ և շրջակա միջավայր` տիեզերական մաշկ, որոնց օրգանական հարաբերակցությունը միայն կարող էր հանգեցնել մարդկության և երկրագնդի հաշտեցմանը:
Հունդերթվասերը հավատում էր, որ արվեստը կամուրջ է մարդու և բնության միջև, և արվեստագետը եզակի դիրքում էր` նախապատրաստելու այդ «խաղաղության դաշնագիրը» բնության հետ: Իր բազմաթիվ քաղաքացիական բողոքի ակցիաներում և մանիֆեստներում հակադրվելով ժամանակակից արվեստի և ավանգարդի զարգացմանը` որպես «սարսափների պանոպտիկում»` Հունդերթվասերը կյանքի կոչեց մարդկության «կորուսյալ դրախտի», գեղեցկության և սիրո ուտոպիստական տեսությունը իր նկարներում և զարմանահրաշ ճարտարապետական կառույցներում` ճառագող գույներով և դեկորատիվ բիոմորֆիկ ձևերով: Չնայած արվեստագետի գեղարվեստական լեզուն կապված է վիեննական ավանդույթների, արտ նուվոյի, սեցեսիոնիստների, ինչպես նաև արևելյան արվեստի հետ, նրա ձևակառուցողական գեղագիտության հիմքում բնությունն է` իր անկրկնելի ֆորմաներով: Պարույրը դառնում է արվեստագետի ստեղծագործության փոխաբերությունն ու գաղափարախոսությունը` որպես կյանքի սկզբի կենսաբանական արտահայտում` հակադրվելով ուղիղ գծի երկրաչափական ձևին:
Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող «Ռեգենթագ» պորտֆոլիոն (Հայացք անձրևոտ օրը) Հունդերթվասերի ամենահայտնի գործերից է` բաղկացած տասը մետաքսագիր ստեղծագործություններից: Նորարարական և բծախնդիր կատարողական տեխնիկայով ստեղծված աշխատանքները արտահայտում են արվեստագետի յուրօրինակ ոճը և պատկերագրական լեզուն: Պորտֆոլիոյի անվանումը` «Ռեգենթագ», ևս արվեստագետի աշխատանքի և կերպարի փոխաբերությունն է: Ռեգենթագը, որ թարգմանաբար նշանակում է «անձրևոտ օր», նրա անվան և անհատականության մասն է. դա այն նավի անունն է, որը միայնակ իդեալիստի համար դարձավ ելք դեպի «դրախտի» բաց հորիզոններ:
Հունդերթվասերի կյանքը և արվեստը նվիրում է բնությանը, մարդու և բնության հաշտության քարոզ` հանուն անհատական ստեղծագործականության և ինքնության ազատության վերականգնման: Արվեստագետի ուտոպիստական տեսիլքները բյուրեղացած են նրա ներդաշնակության և խաղաղության արքայությունում` կենդանանալով իր աշխատանքներում դիտողի ներքին ընկալմամբ: