Գագիկ Ղազանչյան․ անԾանոթ քաղաք
Ցուցադրության վերնագիրն արտացոլում է արվեստագետ Գագիկ Ղազանչյանի վերջին շրջանի ստեղծագործությունների ոգին և ուրբանիստական միջավայրերի հետ նրա գեղարվեստական փոխհարաբերությունը՝ ճանաչելիի ու անճանաչելիի միջակայքում։
«անԾանոթ քաղաք» ցուցադրության վերնագիրն արտացոլում է արվեստագետ Գագիկ Ղազանչյանի վերջին շրջանի ստեղծագործությունների ոգին և ուրբանիստական միջավայրերի հետ նրա գեղարվեստական փոխհարաբերությունը՝ ճանաչելիի ու անճանաչելիի միջակայքում։ Վերացական բազմագույն շերտերում հանկարծ քաղաքային համայնապատկեր է ի հայտ գալիս, մի շենք կամ թաղամաս կարծես ճանաչելի է, սակայն պատկերը դժվար է կապել որոշակի վայրի հետ։ Ծանոթը շարունակում է ներհյուսված մնալ անծանոթի մեջ, ճիշտ այնպես, ինչպես ճանաչելի քաղաքային բեկորներն են պահպանվում դրանք քողարկող, տեղաշարժող ու փոխակերպող գեղարվեստական ձևերի մեջ։
2024–2026 թվականներին ստեղծված աշխատանքները համախմբող ցուցադրությունն առաջին իսկ հայացքից դիտողին առերեսում է գծերի, բծերի ու գեղանկարչական ժեստերի խիտ դաշտերի հետ, որոնք կարող են վերացական թվալ։ Աստիճանաբար, սակայն, ի հայտ են գալիս ուրբանիստական պատկերների բեկորներ՝ կտավին փոխանցված առանձին երկնաքերերի կամ ամբողջական բարձրահարկ թաղամասերի լուսանկարներ, որոնք դիտված են տարբեր մակարդակներից ու դիտանկյուններից։
Այս վիճակը հիշեցնում է ֆրանսիացի մարդաբան Մարկ Օժեի «ոչ-տեղեր»-ի (ֆր․ non-lieu) հասկացությունը․ տարածքներ, որոնք կազմակերպված են հիմնականում տարանցման ու սպառման, այլ ոչ թե բնակության, կապվածության ու տևական սոցիալ-մշակութային հարաբերությունների շուրջ։
Քաղաքն այս աշխատանքներում ներկայանում է ոչ միայն որպես պատկեր, այլև որպես հետք։ Մեքենայի անվադողերի հետքերն անցնում են գեղանկարչական մակերեսների վրայով՝ երբեմն ձևավորելով հստակ օղակներ ու գալարներ։ Դրանք արձանագրում են ֆիզիկական շարժումը՝ միաժամանակ գործելով որպես վերացական ձևեր։
Հատկանշական է, որ մարդը մեծ մասամբ բացակայում է, սակայն մարդկային փորձառությունը մնում է առանցքում՝ փոխանցվելով թե՛ ուրբանիստական միջավայրերի, թե՛ հենց արվեստագետի ժեստերի միջոցով։ Ի վերջո, այս ցուցադրությունը քաղաքների նյութական ձևի մասին չէ, այլ այն զգացողության, թե ինչպես են ծանոթ կառույցների ինքնությունը, իմաստներն ու կոորդինատները սկսում տարրալուծվել։
«անԾանոթ քաղաք» ցուցադրությունը ներկայացվում է նաև CYFEST 17 մեդիաարվեստի միջազգային փառատոնի՝ «Natura Naturans․ Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» նախագծի շրջանակում։ Այս համատեքստում ցուցադրությունը ժամանակակից քաղաքը դիտարկում է որպես մարդածին բնապատկեր՝ մեր իսկ ստեղծած մի միջավայր, որն իր հերթին վերակազմակերպում է մեր շարժվելու, տեսնելու և ապրելու ձևերը։
Գագիկ Ղազանչյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ 1975–1979 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, ապա՝ 1984–1990 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ստեղծագործական գործունեությունը սկսելով 1980-ականներին՝ Ղազանչյանը վերջին քառասուն տարում մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։ Նրա անհատական ցուցահանդեսները կայացել են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Գեղագիտության ազգային կենտրոնում և Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև Վաշինգտոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ցյուրիխում, Բեյրութում և այլուր։ Նրա աշխատանքները ներկայացվել են նաև Մոսկվայում, Փարիզում, Նիսում, Բեռլինում, Հռոմում, Նեապոլում, Թեհրանում, Նյու Յորքում, Աբու Դաբիում, Քուվեյթում և այլուր։ 2018 թվականին նրա աշխատանքները ներկայացվել են Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպված «11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» խմբակային ցուցադրությունում։ 2020 թվականին Ղազանչյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ արվեստի բնագավառում։ Նրա ստեղծագործություններն ընդգրկված են Հայաստանի ազգային պատկերասրահի և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներում, ինչպես նաև տեղական ու միջազգային մասնավոր հավաքածուներում։