ԳԱԿ ցուցահանդեսները 2009-2018. ինտերակտիվ ամփոփում
2019 թ. ապրիլի 11-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Արծիվ» սրահում տեղի ունեցավ «ԳԱԿ ցուցահանդեսները 2009-2018. ինտերակտիվ ամփոփում» հետահայաց վավերագիր ցուցադրության հանդիսավոր բացումը: Այցելուներին հնարավորություն ընձեռվեց «smart» հեռախոսներով «QR» կոդերի օգնությամբ ծանոթանալ Կենտրոնի նախորդ ցուցահանդեսների նկարագրություններին, թերթել էլեկտրոնային պատկերագրքերը և դիտել ցուցանմուշների նկարներն ու ցուցահանդեսների բացման տեսանյութերը: ԳԱԿ անդամները հնարավորություն ունեցան օգտվել բացառապես իրենց համար նախատեսված յուրահատուկ փորձառությունից` վիրտուալ իրականության ակնոցի միջոցով հայտնվելով ԳԱԿ տարբեր սրահներում և վայելելով անցյալի ցուցադրությունները:
Իր 10-ամյա գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպել է շուրջ 60 ցուցահանդես հետևյալ վիճակագրությամբ.
Ջերարդ Գաֆէսճեան հավաքածուից – 20
Հայ արվեստագետներ – 18
Միջթանգարանային համագործակցություն – 6
Համատեղ նախագծեր – 5
Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը – 3
Կրթական ծրագրերի արդյունք – 3
Վավերագիր - 3
Հավատարիմ իր առաքելությանը՝ ժամանակակից արվեստի լավագույն միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ոչ միայն ցուցադրել է Ջերարդ Գաֆէսճեան հավաքածուի ընտրանին, այլև իրականացրել հայ արվեստագետների ցուցադրություններ, նախաձեռնել Միջթանգարանային համագործակցության ծրագիր՝ առավել տեսանելի դարձնելով այլ թանգարանների հավաքածուները, ինչպես նաև հանդիսացել է համատեղ նախագծերի կազմակերպման և մասնավոր հավաքածուների ցուցադրման հարթակ: