25 նմբ 2017 - 25 փտր 2018

Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ

«Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցահանդեսի նպատակը Գևորգ Գրիգորյանի (1897-1936) արվեստի համապարփակ ներկայացնումն է անշուշտ: Արվեստի պատմության էջերում իր կայուն դիրքը զբաղեցրած, արդեն որոշակի առումով դասական դարձած արվեստագետին անդրադառնալը հղի է մի շարք մարտահրավերներով, և առաջին հերթին չկրկնվելու խնդիրն է: Այնուամենայնիվ, մշտապես հնարավոր է բացահայտել նոր հորիզոններ, իսկ Ջոտտոյի պարագայում այդ հորիզոնները կապված են չցուցադրված կամ քիչ հայտնի ստեղծագործությունների, առաջին հերթին՝ գրաֆիկական աշխատանքների հետ: Այս շերտերում են ի հայտ գալիս Ջոտտոյի գեղագիտական մտածողության թաքնված ակունքները: Ցուցահանդեսը բնույթով լինելով հետահայաց՝ նպատակ ունի բացահայտելու Գևորգ Գրիգորյանին այն տեսանկյունից, որը մինչ այս շրջանառության մեջ չի եղել: 

1920-ական թվականները նշանավորվեցին Ջոտտոյի համար հատկապես իր ուսմամբ Վխուտեմասում, ինչը շատ մեծ ազդեցություն է թողել իր գեղագիտական ընկալման վրա: Արդեն այս շրջանում նկատելի է արվեստագետի հատուկ վերաբերմունքը հին վարպետների նկատմամբ: Նախնական գեղարվեստական կրթությունը նա ստացել էր Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցում, որտեղ նրա ուսուցիչն է եղել մեծանուն հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը, ինչպես նաև ռուս նկարիչներ Բորիս Ֆոգելը և Օսկար Շմերլինգը: Մոսկվայում նա ուսուցանում է Լյուբով Պոպովայի մոտ: 20-րդ դարի 20-30-ական թվականների նրա աշխատանքներում, որ ներկայացված են ցուցադրությանը, հստակ նշմարվում է սինթեզը, որի մեջ նկատելի են հայկական կերպարվեստը, հին դասական վարպետները և հեղափոխական տրամադրություններով տոգորված նոր խորհրդային արվեստը:

1930-ականների երկրորդ կեսից մինչ 1950-ականների վերջ Գևորգ Գրիգորյանը համեմատաբար քիչ է ստեղծագործում: Նա երկար տարիներ հեռացված էր Վրաստանի նկարիչների միությունից՝ խիստ պիտակավորումներ ստանալով իր դրամատիկ աշխատանքների համար, որոնք «սոցիալիստական բնույթի չէին», «լավատեսական չէին» և «չէին համապատասխանում հեղափոխության ոգուն»: Այս ընթացքում նա ծանր դեպրեսիայի միջով է անցել՝ կրակի մեջ ոչնչացնելով բազմաթիվ աշխատանքներ: Զարմանելի չէ, որ ցուցադրությանը ներկայացված նկարների մեծ մասը թվագրվում է 1957 թվականից հետո ընկած ժամանակաշրջանով:

Արվեստագետի այս բեղմնավոր ստեղծագործական փուլը համընկնում է նրա և կնոջ՝ Դիանա Ուկլեբա Գրիգորյանի Երևան տեղափոխվելու հետ 1962 թվականին: Հատկապես այս տարիներին ստեղծված աշխատանքներով կարելի է դատել որքան տարբեր է Գրիգորյանը որպես գրաֆիկ նկարիչ: Գրաֆիկական աշխատանքները տարբերվում են թե՛ գունային գամմայի ավելի լայն սպեկտրով, թե՛ կոմպոզիցիայի դինամիկայով: Սա նկատելի էր դեռ վաղ շրջանում, սակայն այս ուշ, հասուն ստեղծագործական շրջափուլում այդ տարբերությունը առավել ցցուն է: Գրաֆիկական աշխատանքներում թե՛ թեմաներն ու ժանրերն են առավել բազմազան, թե՛ հորինվածքային ու գունային լուծումներն են առավել խիզախ: 

Միջթանգարանային համագործակցության ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) և ՀԱՊ մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի հետ համատեղ կազմակերպված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հերթական ցուցադրությունը հնարավորություն է տալիս նորովի տեսնելու, նորովի բացահայտելու Գևորգ Գրիգորյանին: Գուցե գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջև եղած տարբերության մեջ է թաքնված Ջոտտոյի իրական «ես»-ը: «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը միտված է գտնելու այս հարցի պատասխանը:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում