21 մյս 2016 - 29 մյս 2016

Իմ հայրենիքի բնանկարը

Մշակութային լանդշաֆտը՝ որպես բնության և պատմության ամբողջություն, մշտապես փոփոխվող և զարգացող տարածք է, կոնկրետ աշխարհագրական  ինքնության, ինչպես նաև մարդկանց և ժամանակի կողմից արված վերափոխումների արդյունք: Թե՛ անհատները և թե՛ համայնքները պատասխանատու են պաշտպանելու և ընդլայնելու այս լանդշաֆտները: 
Թանգարանների միջազգային խորհուրդ, 2016թ.

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային խորհուրդն առաջարկում է Թանգարանների միջազգային օրվա թեմա՝ խրախուսելով թանգարանային խնդիրների վերհանումը հասարակության շրջանակներում: Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, որի այս տարվա թեման է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները», Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2016թ. փետրվարին մեկնարկեց «Իմ հայրենիքի բնանկարը» խորագրով կրթական ծրագիր՝ նախատեսված սիրիահայ երեխաների համար, ովքեր արտագաղթել են Հայաստան սիրիական քաղաքացիական պատերազմի արդյունքում:

Հայտնի է, որ հայկական լանդշաֆտը հանդիսացել է բազմաթիվ հայ նկարիչների ոգեշնչման աղբյուր: Այնպիսի հայ անվանի նկարիչների ստեղծագործություններում, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Հարություն Կալենցը, Հակոբ Հակոբյանը և Արշիլ Գորկին, հայկական բնանկարը վերածվել է հավաքական ինքնության մշակութային խորհրդանիշի՝ ձևավորելով հայ ազգի, նրա անցյալի և ներկայի մասին տեսողական պատում: 

«Իմ հայրենիքի բնանկարը» ծրագիրը նպատակ ուներ մասնակից երեխաներին ներկայացնել հայկական մշակութային համայնապատկերը վերոնշյալ նկարիչների ստեղծագործությունների միջոցով՝ նպաստելով նրանց մշակութային ինքնության վերաբացահայտմանը և ներգրավմանը երկրի արվեստային կյանքում: Քսանչորս պատանիներ մասնակցություն են ունեցել ինը հանդիպումներից բաղկացած ծրագրին, որի ընթացքում նրանք ծանոթացել են ներկայացվող նկարիչների կյանքին և ստեղծագործությանը,  ոգեշնչված արվեստագետների մտածողությամբ և ոճով՝ ստեղծել են իրենց սեփական աշխատանքները: Ծրագրի մաս են կազմել նաև այցելությունները Հայաստանի  ազգային պատկերասրահ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան և «Կալենց» թանգարան: «Իմ հայրենիքի բնանկարը» ծրագիրն ամփոփվել է բացօթյա նկարչությամբ Երևանի գեղեցիկ համայնապատկերում:

Ցուցահանդեսը ներկայացնում էր ծրագրի մասնակից երեխաների ստեղծագործականությունը և ոգեշնչումն արտացոլող աշխատանքների ընտրանին: 

«Իմ հայրենիքի բնանկարը» ծրագրի շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցել է YMCA սիրահայերի կազմակերպության հետ:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում