17 մյս 2014 - 07 սպտ 2014

Կերպափոխվող իրականություն. նորարարությունն ու երևակայությունը իտալական դիզայնում

«Կերպափոխվող իրականություն. նորարարությունն ու երևակայությունը իտալական դիզայնում» ցուցադրությունը բացվեց մայիսի 17-ին Արծիվ սրահում: Այն ներկայացնում է իտալական դեկորատիվ արվեստի նմուշներ Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից. այդ թվում համաշխարհային ճանաչում վայելող դիզայներներ Գաետանո Պեշեի, Անդրեա Բրանձիի, Պիերո Ֆորնասետիի ստեղծագործությունները:

Գաետանո Պեշեն (ծնվ. 1939) 20-րդ դարի հեղինակավոր և արտառոց արվեստագետներից է: Նա իր քառասունամյա ստեղծագործական կյանքի ընթացքում ընդլայնել է ժամանակակից դիզայնի բնույթն ու կառուցվածքը՝ ճարտարապետության, քաղաքային հատակագծման, ինտերիերի դիզայնի, ցուցադրությունների ու արդյունաբերական դիզայնի ոլորտներում: Նրա աշխատանքներն արտացոլում են արվեստագետի գլխավոր սկզբունքը, որն է՝ մոդեռնիզմը ոչ այնքան ոճ է, որքան ներկան մեկնաբանելու միջոց և ապագայի ակնարկ, որտեղ պահպանվում և փառաբանվում է անհատականությունը: Պեշեն հայտնի է ինչպես ժամանակակից նյութերի, ինչպիսիք են՝ խեժը, փրփուրը, այնպես էլ նորարարական արտադրական տեխնիկաների փորձարկումներով,ինչի արդյունքում նրա ստեղծագործություններում դիզայնի և արվեստի միջև եղած սահմանը խզվում է՝ երևան հանելով նոր արտահայտչաձևեր, որոնք անձնական են, փիլիսոփայական և հաճախ քաղաքական: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը՝ Դոննա Մոդել «Ափ 5» և «Ափ 6»-ը, փոխանցում է արվեստագետի սոցիալ-քաղաքական ուղերձը կնոջ «շղթայված» լինելու մասին: Պեշեի ստեղծագործությունները ներկայացված են աշխարհի կարևորագույն թանգարանների առավել քան 30 մշտական հավաքածուներում. Նյու Յորքի ՄոՄա և Մետրոպոլիտեն, Գերմանիայի Վիտրա, Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում և Լուվրի Դեկորատիվ արվեստների թանգարանում:

Դիզայնը, որը համարձակ առաջ է ընթանում արտադրողական և սպառողական աշխարհում, ձեռք է բերել նոր գերիշխող դիրք` դառնալով իրականությունը ձևափոխող միակ որոշիչ տարրը:
Անդրեա Բրանձի

Անդրեա Բրանձին (ծնվ. 1938թ.) 20-րդ դարի ճարտարապետության և դիզայնի մեծագույն անհատականություններից ու տեսաբաններից է: Նրա գործունեությունն ու հետաքրքրությունների շրջանակը ներառում են արդյունաբերական դիզայնը, ճարտարապետությունը, քաղաքային նախագծումն ու մշակութային առաջխաղացումը: Բրանձին իտալական Archizoom Associati խմբի հիմնադիրներից է՝ միջազգայնորեն ճանաչված առաջին ավանգարդ դիզայներական ստուդիան, որն առաջատար դերակատարություն ունեցավ Իտալիայում «Ռադիկալ շարժման» (1960-ականների վերջ) և «Նոր դիզայնի» շրջանակներում: Նա «Global tools» ռադիկալ ճարտարապետության դպրոցի հիմնադիրներից է (1973 թ.), որի նպատակն էր անհատական ստեղծագործականության և ոչ արդյունաբերական արտադրանքի տարածումը: Բրանձին «Domus Academy»-ի՝ առաջին միջազգային դիզայնի դպրոցի հիմնադիրներից է (1983 թ.): 2008 թվականին Բրանձին արժանացել է Միացյալ Թագավորության Արքունական պատվավոր դիզայների կոչման:

Արդյունաբերությունը 20-րդ դարի ոճն է, դրա ստեղծագործական ուժը: 
Ջիո Պոնտի

Այս խոսքերը պատկանում են Ջիո Պոնտիին (1891-1979)՝ ճարտարապետ, արդյունաբերական դիզայներ, նկարիչ, պոետ և «Դոմուս» ամսագրի հիմնադիր-խմբագիր, ում բազմակողմանի ու բեղուն ստեղծագործական կյանքը ճարտարապետության և դիզայնի բնագավառում նախանշեց իտալական դիզայնի վերածնունդը հետպատերազմյան տարիներին: Լինելով մոդեռնիզմի և ռացիոնալիզմի մունետիկներից մեկն Իտալիայում՝ Պոնտին մշակեց մոդեռնիզմի իր յուրահատուկ գեղագիտությունը, որի հիմքում իտալական ռոմանական ժառանգությունն էր և վենետիկյան ավանդույթները: Քարոզելով արվեստի և դիզայնի տարբեր ուղղությունների սինթեզը՝ Պոնտին երբեք չի դիտարկել ճարտարապետությունը՝ որպես զուտ շենքերի կառուցում: Նրա նպատակն էր ինտեգրել արվեստն ու ճարտարապետությունը՝ հաճախ նախագծելով շենքերի ներքին դիզայնը ևս, ստեղծելով կահույք՝ աթոռներ, սուրճի սեղաններ, լուսավորման համակարգեր, անգամ կերամիկական և ապակե նմուշներ: Պոնտիի յուրահատուկ դիզայներական աշխատանքներն այսօր էլ մեծ նշանակություն ունեն, և որոշ ստեղծագործություններ նորից ու նորից վերարտադրվում են տարբեր ընկերությունների կողմից: Նրա կարևոր ճարտարապետական կառույցներից են Պիրելի աշտարակը Միլանում (1956) և Դենվերի արվեստի թանգարանը (1972) ԱՄՆ-ում:

Պիերո Ֆորնասետին (1913-1988)՝ նկարիչ, փորագրող և տպագրիչ, դիզայներ, կոլեկցիոներ, ոճաբան, վարպետ-արհեստագործ, 20-րդ դարի հռչակավոր ստեղծագործ տաղանդներից է: Ոգեշնչվելով իտալական մշակույթի փառահեղ անցյալով, ինչպես նաև սյուրռեալիստական պատկերագրությամբ և տիեզերական թեմաներով՝ «հրաբխային ստեղծագործականությամբ և երևակայությամբ» հայտնի արվեստագետը երևան հանեց կախարդական աշխարհի էկլեկտիկ ոճ՝ հագեցած հատկանշական զարդանախշային ու պատկերային թեմաներով, որոնց շարքում առավել հաճախ հանդիպում են արևը, լուսինը, առլեքիններ, ձեռքեր, ինքնադիմանկարներ և ամենահայտնին՝ օպերային երգչուհի Լինա Կավալիերիի առեղծվածային դեմքը: Դիզայներ և ճարտարապետ Ջիո Պոնտիի հետ հանդիպումը և դրան հաջորդած երկարամյա համագործակցությունը կանխորոշիչ էր դիզայնում Ֆորնասետիի դեկորատիվ և երևակայական տեսլականի հաստատման համար: Կախված չլինելով ճարտարապետության և դիզայնի մեջ գերիշխող ֆունկցիոնալության ռացիոնալիստական ձևերից՝ Ֆորնասետին մշակեց իր ինքնատիպ պատկերաոճը, որը նորովի էր վերարժևորում պատկերի և զարդանախշի  նշանակությունն ու դերը 20-րդ դարի դեկորատիվ արվեստում:

Ճարտարապետական դիզայներներ Ջոնաթան դե Պասը (1932-1991), Դոնատո Դ’Ուրբինոն (ծնվ. 1936) և Պաոլո Լոմացին (ծնվ. 1936) 60-ական թվականների իտալական ռադիկալ դիզայնի առաջադեմ ներկայացուցիչների շարքերում են:  Նրանց նորարարական աշխատանքները, որոնք ներկայացնում էին զանգվածային մշակույթը արդյունաբերական դիզայնի ու տեխնոլոգիաների միջոցով, մարտահրավեր էին արհեստների ավանդական չափորոշիչներին և սահմանում էին ինտերիերի դիզայնի նոր գեղագիտություն: Բեսյբոլի հսկայական «Ջո»  ձեռնոց-բազկաթոռը ստեղծված է 1970 թվականին որպես նվիրում ամերիկացի բեսյբոլիստ Ջո ԴիՄաջիոյին՝ հայտնի իր խաղով և կինոաստղ Մերիլին Մոնրոյի հետ չարաբաստիկ ամուսնությամբ, և անկասկած ժամանակակից դիզայնի բացառիկ նմուշներից է:

Զանգվածային մշակույթի խորհրդանիշ և ժամանակակից դիզայնի նշանավոր նմուշ «Բոկկա» շուրթեր-բազմոցի նախահեղինակը  Սալվադոր Դալին է, ով պատկերել էր ամերիկացի հայտնի դերասանուհի Մեյ Ուեսթի շուրթերը բազմոցի տեսքով: Ցուցադրվող աշխատանքը, որը ստեղծվել է 1970-ական թվականներին Իտալիայում «Սթուդիո 65»-ի կողմից Գուֆրամի պատվերով, նվիրված է Դալիին և ներկայացնում է Մերիլին Մոնրոյի շուրթերը:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում