04 մրտ 2022 - 29 մյս 2022

Լեո Լեո Վարդանյան․ հետքեր

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է «Լեո Լեո Վարդանյան․ հետքեր» ցուցադրությունը Կենտրոնի «Պատկերասրահ Մեկում», որի շրջանակում հնարավոր է առաջին անգամ տեսնել տասներկու երկչափ և մեկ վիդեոարտ նմուշից բաղկացած «Հետքեր» շարքը։ Լեո Լեո Վարդանյանը աբստրակցիոնիստ նկարիչ է, ով աշխատում է տարբեր տեխնիկաներով, երբեմն նաև իր ստեղծագործություններում օգտագործելով մուլտիմեդիա գործիքակազմ։ Հատկապես վերջին տարիների իր շարքերում նա ուսումնասիրում է տարբեր ֆիզիկական հարթությունների հարաբերությունները, տարբեր շերտերի գրավիտացիաներն ու վիբրացիաները (ինչպես ինքը՝ նկարիչն է դրանք անվանում)։ Արվեստագետի աշխատանքները անտեսանելի, անհաս, վերացական տարբեր երևույթների՝ երբեմն նուրբ, երբեմն ցցուն վիզուալ պատկերացումներն են։ «Հետքեր»-ում արվեստագետը կարծես այդ մակերեսների հետ հարաբերությունը տեղափոխում է մեկ այլ հարթություն, որտեղ պատկերի ստեղծումն առավել ազատ ու կարծես անկառավարելի է, և հեղինակի ազդեցությունը, թվում է, թե աշխատանքի կերտման վրա հասցված է մինիմալի։

«Հետքեր» շարքի համար նկարիչը ստեղծել է այն պայմաններն ու միջավայրը, որում կրակի բոցերն ու շիթերը, կլանելով մանրաթելային տախտակի վրա փակցված ենթաշրջանակով կտավը (գեղանկարի հիմքը), վերացական պատկերներ են կերտում։ Ի սկզբանե որպես վիդեոարտի համար արված աշխատանք, այն առանձին կյանք ստացավ՝ դառնալով ինքնուրույն ստեղծագործությունների շարք: Նկարչի յուրաքանչյուր ժեստ նրա մարմնի շարունակությունն է, որ եզակի, անկրկների հետք է թողնում կտավի կամ թղթի մակերեսին: Այս պարագայում կտավ-շրջանակի պարզագույն քառակուսի ֆորման է , որ վերանալով կրակի ճիրաններում, հետք է թողնում մեկ այլ հարթության վրա՝ ստեղծագործության կերտումը դարձնելով շատ ավելի բազմաշերտ ու միջնորդավորված` թե՛ տեխնիկական, թե՛ կոնցեպտուալ առումով: Եվ ինչպես յուրաքանչյուր վիզուալ ստեղծագործություն եզակի է իր վրա կատարված ֆիզիկական աշխատանքի կոնֆիգուրացիաներով, այնպես էլ կրակն ամեն անգամ այլ կերպ է շարժվում: Մարդու բնածին՝ ստեղծագործելու, նորը հորինելու ու կերտելու ձգտումը կարելի է դիտարկել «մարդուն Իր պատկերով ստեղծելու» բիբլիական ճշմարտության տեսանկյունից: Այդ առումով, բնական տարերքների կառավարումը արվեստագետին առավել քան դնում է արարչի՝ պլատոնական Դեմիուրգի հետ մեկ հարթության վրա: Ըստ այդմ, զարմանալի չէ, որ կրակի կիրառումը որպես մեդիում երկար պատմություն ունի, հատկապես արդի և ժամանակակից կերպարվեստում:

Լեո Լեո Վարդանյանի ստեղծած «Հետքեր»-ը մեկնաբանության մի շարք շերտեր ունեն, սակայն դրանում յուրահատուկ ձևով բախվում են ստեղծելու ու ոչնչացնելու դիսկուրսները՝ առանց մեկը մյուսին բացառելու։ Ասում են մարդը դժվարությամբ է կտրում հայացքը կրակից, քանի որ այն որոշակի հիպնոտիկ ազդեցություն ունի․ արդյո՞ք այս շարքը նույն ազդեցությունը կարող է ունենալ։

Այս ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նաև մեկնարկում է «Տաբուլա ռազա» նախագիծը Կենտրոնի «Պատկերասրահ Մեկում»։ Նպատակը սրահի մաքուր, հարթ, դատարկ պատը օգտագործելն է Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի, գրադարանի տարածքի հետ հարաբերության մեջ՝ կյանքի կոչելով տարբեր ցուցադրություններ և նախագծեր (այդ թվում՝ փորձարարական)։ Տաբուլա ռազան, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «հարթ, մաքուր տախտակ», դեռևս հին հունական փիլիսոփայությունից սերող տերմին է․ այն կիրառվում է իմացաբանական և հոգեբանական առումով, երբ մարդու գիտակցությունը ծնվելու պահին մաքուր տախտակի հետ է համեմատվում։ Այդ տեսանկյունից թանգարանային պատերը ևս «մաքուր տախտակներ» են, որոնք լրիվ անբիծ են մինչև նոր իմաստներով լցվելը․ այնպես ինչպես և գիտելիք չունեցող մարդու գիտակցությունը։

Այս համատեքստում շատ խորհրդանշական է սկսել «Տաբուլա ռազա» նախագիծը Լեո Լեո Վարդանյանի «Հետքեր» շարքով, որտեղ ոչ փոխաբերական, այլ իրական մաքուր սպիտակ տախտակը լիցքավորվում է նոր շերտերով ու իմաստներով։

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում