Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով
«Լիբենսկի Բրիխտովա . լույս տարածության միջով» ցուցադրությունը բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Պատկերասրահ Մեկում» 2014 թվականի ապրիլի 27-ին՝ ներկայացնելով համաշխարհային ճանաչում վայելող չեխ զույգ Ստանիսլավ Լիբենսկու (1921-2002) և Յարոսլավա Բրիխտովայի (ծնվ. 1924) քանդակների ընտրանին:
Ստանիսլավ Լիբենսկին և Յարոսլավա Բրիխտովան ժամանակակից գեղարվեստական ապակեգործության առաջատարներից են: Ուսումնասիրելով և վերարժևորելով ապակու արտահայտչական և որակական ներուժը՝ նրանք կերտեցին ստեղծագործություններ՝ գույնի և թափանցելիության, ծավալի և տարածության, լույսի և ոգեղենության նոր ձևերով: Չնայած անցյալ դարի երկրորդ կեսին սեփական երկրում տիրող քաղաքական և ստեղծագործական ճնշումներին՝ նրանց արվեստը բարձր ճանաչում ձեռք բերեց միջազգային արվեստասեր հանրության կողմից: Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի գեղարվեստական ժառանգությունը և նրանց դերը՝ որպես ժամանակակից քանդակագործության ստեղծագործական ուժ, կլինի հարատև:
«Լիբենսկի Բրիխտովա . լույս տարածության միջով» ցուցադրությունն ընդգրկում է տասնյոթ քանդակ՝ ներկայացնելով արվեստագետների ստեղծագործության ոճական և թեմատիկ յուրահատկությունը: Վեց անիմալիստական ապակե հարթաքանդակները արվեստագետների վաղ շրջանի աշխատանքներից են : Ցուցադրված «Տարածություն I, II և III» կենտրոնական քանդակային շարքը ներկայացնում է արվեստագետների նոր տարածական հարաբերությունների փնտրտուքը՝ բացահայտելով լույսի ներթափանցմամբ ներքին տարածությունների կառուցումը:
Ցուցադրությունը կազմակերպվել է անձամբ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի և Չեխիայում Լիբենսկի Բրիխտովա ստուդիայի հետ համագործակցությամբ: