16 մյս 2026 - 12 դկտ 2026

Քարպետ

«Քարպետ» շարքի աշխատանքները հայկական ավանդական ձևերի վերարտադրություններ չեն, այլ վերաիմաստավորումներ։

«Քարպետ» շարքի աշխատանքները հայկական ավանդական ձևերի վերարտադրություններ չեն, այլ վերաիմաստավորումներ։

Խաչքարն ու գորգարվեստը հայկական մշակութային ինքնության համար նույնքան առանցքային են, որքան օրինակ սրբապատկերները ռուսական մշակույթում, կիմոնոն Ճապոնիայում, վայելչագրությունը Չինաստանում, բուրգերն ու հիերոգլիֆները Եգիպտոսում, գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում, կամ Վերածննդի կերպարվեստը Իտալիայում։ Այս մշակութային կոդերը, ունենալով հստակ էթնիկ և աշխարհագրական սահմաններ, դարերի ընթացքում շարունակաբար վերաձևակերպվում են՝ ստանալով նոր մարմնավորումներ իրենց սկզբնական հորիզոններից անդին։

 

Պարադոքսալ կերպով, այդ դրսեւորումները երբեմն նկատում են ոչ թե տվյալ մշակութային կոդերի անմիջական կրողները, այլ դրանցից որոշակի հեռավորություն ունեցող հայացքները։ Նույն խաչքարի ու գորգարվեստի դեպքում․ որքան էլ վերջիններս մեզ համար զուգահեռ, փոխկապակցված և հայկական մշակութային հիշողության մեջ խորապես արմատացած երևույթներ լինեն, դրանք հայ մտքում շարունակում են գոյություն ունենալ որպես առանձին ամուր կանգնած սյուներ հայկական մշակութային ինքնության «ճարտարապետության» մեջ։

 

Ալեքսանդր Նիկիտինի և Դմիտրի Բեկետովի «Քարպետ» շարքը ծնվում է հենց այս պարադոքսից։ 2022–2025 թվականներին Հայաստանում ապրելու և հայկական վիզուալ մշակույթի հետ երկարատև շփման արդյունքում ստեղծված նախագիծը խաչքարի մոնումենտալությունն ու հայկական գորգարվեստի զարդանախշային լեզուն միավորում է նոր քանդակային ձևաչափի մեջ։ Ոգեշնչված հայկական գորգարվեստի տարբեր ավանդույթներից՝ Արցախից մինչև Սևան, ինչպես նաև խաչքարերից՝ Սանահինից մինչև Ջուղա, «Քարպետը» չի հղում մեկ առանձին տեղայնացված ավանդույթի, այլ անդրադառնում է հայկական զարդանախշային մշակույթի շարունակականությանն ու բազմազանությանը՝ տարածված դարերի և տարածաշրջանների միջով։

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ներկայացնել հայ մշակույթի լավագույնը աշխարհին և համաշխարհային արվեստի լավագույնը՝ Հայաստանին։ «Քարպետ»-ի նման նախագծերը այդ փոխլրացնող նպատակների ամենավառ օրինակներից են։ Աշխատանքները հավելյալ խորություն են ստանում՝ ցուցադրվելով Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» կոթողային որմնաքանդակի հարևանությամբ, որի մեջ ևս կարելի է ընթերցել թե՛ խաչքարային ավանդույթի, թե՛ հայկական գորգարվեստի զարդանախշային լեզվի արձագանքները։

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում