05 մյս 2023 - 06 օգս 2023

Սերգեյ Նավասարդյան․ Լվացք

Վերջին տարիներին Հայաստանի ուրբանիստական մշակութային դաշտում գլխավոր դերակատարներից է Սերգեյ Նավասարդյանը, ով իր առանձնահատուկ ձեռագրով կարևոր տեղ է գրավում։ Աշխատելով թե Հայաստանում, թե արտերկրում՝ նա հայտնի է որպես yerevantropics ուտոպիստական գաղափարի հիմնադիր, որը հանգամանքների բերումով դարձել է նաև իր կեղծանունը։ Սերգեյը ոչ միայն ստեղծագործում է, այլև 2018 թվականին նախաձեռնեց #kondgallery-ն (բառացի թարգմանությունը՝ Կոնդ պատկերասրահ)՝ հանրային արվեստի բացօթյա ցուցասրահ Երևանի հնագույն թաղամասերից մեկում, որն այսօր կարևոր շերտ է դարձել մայրաքաղաքի վիզուալ մշակութային լանդշաֆտում։

Սերգեյ Նավասարդյանի ստեղծագործությունը սնվում է ժամանակակից գլոբալ փոփ մշակույթից՝ լոկալ մեկնաբանություններով, յուրահատուկ վիզուալ նարատիվներով, կոդերով ու արխետիպերով։ Նրա աշխատանքների հետարդիական կտրվածքում կարող են խաչվել սպորտային կոշիկը, Արարատն ու արևադարձային արմավենիները։

Վերջին տարիներին Սերգեյ Նավասարդյանը սահուն անցում է կատարում քաղաքային պատերից դեպի թուղթ, ստվարաթուղթ, և այլ․ հիմնականում հաստոցային մեդիաներ։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունը իր առաջին մեծածավալ նախագիծն է ինստիտուցիոնալ, թանգարանային տարածքում՝ ուրբանիստական միջավայրից դուրս։ «Լվացքի» աշխատանքները, հեղինակի խոսքերի համաձայն, իրականացվել է «մի ժամանակահատվածում, որը տրանսֆորմացնում կամ համատեղում է դիզայնն ու արվեստը. գրաֆիկ դիզայնից անցում է՝ բացարձակ աբստրակցիայի»։
«Լվացքը» որպես հայեցակարգ արտացոլում է մի քանի թեմա։ Սերգեյ Նավասարդյանի «լվացքի մեքենան» իր աշխատանքային պրոցեսն է, որտեղ նա լցնում է իր տարբեր «հանդերձները»՝ նկարչի, գրաֆիկ դիզայների, նորաձևության էնտուզիաստի, ուրբանիստական և փոփ մշակույթի սիրահարի։ Արդյունքում ամեն բան և մաքրվում է, և խառնվում է՝ ծնելով յուրահատուկ սիմբիոզ։ Այս հսկայական սավանները արտացոլանքն են այն ներքին կեղևների, որոնք աճել են մեկը մյուսի վրա տարիների ընթացքում, սակայն նարատիվը մնացել է նույնը․ «կյանք, Երևան, ապրելու և ստեղծագործելու իրավունք»։

Արվեստագետի համար սթրիթ արթից անցումը այլ տեխնիկաների, կամ թանգարանային միջավայր մտնելը հակասություններ չի առաջացնում, քանի որ իր համար «թանգարանային տարածքը քաղաքային կյանքի կարևոր էլեմենտներից է: Փողոցից թանգարան մի քայլ է իրականում»։

Միևնույն ժամանակ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունը ուրբանիստական արվեստային մշակույթը ինստիտուցիոնալ տարածք հրավիրելու հերթական քայլն է, ինչը թանգարանային միջավայրը դարձնում է առավել բաց ու հասանելի՝ հավատարիմ Կենտրոնի տեսլականին։

  • Տեսադարան
    Լուսանկարներ և տեսանյութ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում