08 հկտ 2015 - 27 դկտ 2015

Շունչ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Շունչ» ցուցադրությունը, որը ներկայացնում է հայազգի ամերիկացի արվեստագետ, ճարտարապետ ու դիզայներ Վազգեն Բրուտյանի և  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի իր 40 ուսանողների խմբային մեծածավալ նախագիծը: Վերջինս խառը տեխնիկայով արված 125 ֆոտոկոլաժների ինստալացիա է՝ կազմված չորս հիմնական բաժիններից՝ «Երկրաշունչ և Երկնաշունչ», «Հոգենորոգ շունչ», «Նոր լույսի ներքո» և «Ոգեշնչում»:

Ուսումնասիրելով ժառանգության և արդիության, բնության և տեխնոլոգիաների փոխհարաբերությունները՝ նախագծի հեղինակները  ներկայացնում են հայկական մշակույթի արտահայտչական ներուժը՝ որպես նոր վերացական տեսողական փորձ:

«Ստեղծված աշխատանքները մեր մշակույթը նորովի ներկայացնելու փնտրտուքների ակնհայտ արդյունքն են: «Շունչ» խորագիրը սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից է, որի որոշ հատվածներ դարձել են մեր աշխատանքների գաղափարական տարրերը: Կարծում ենք, որ այն լիովին արտահայտում է ցուցահանդեսի հիմնական նպատակը՝  ցույց տալ նոր սերնդի ներուժն ու մտքի թռիչքը: 

Երիտասարդներն ուսումնասիրել են դարերի փորձությունը հաղթահարած մշակութային հին ու նոր արժեքները, լուսանկարել հայկական ճարտարապետության տարբեր նմուշներ, ձեռագրեր, փորագրություններ ու խաչքարեր: Այնուհետև, հիմք ընդունելով արված հետազոտություններն ու ձեռք բերված նյութերը, սկսել ենք թվային նախագծման փուլը, որից հետո ստեղծագործությունները մշակվել են ձեռքով: 

Արդյունքում, տարբեր արտահայտչամիջոցներով ստեղծված կիսաաբստրակտ աշխատանքներն անդրադառնում են մեր հավաքական ինքնությանը, պատմությանը և հիշողությանը՝ ձևավորելով հստակ ազգային տեսողական պատում, որը ներկայացնում է մեր բազմաշերտ մշակույթի բնութագիրն ու պատմական հետքը՝ անցյալից ներկա: 

Կարևոր է ընդգծել, որ այս գաղափարը մեկ այլ նախաձեռնության «հիմքն» է կազմում. Հայաստանում զարգացնել հզոր դիզայներական մշակույթ», - նշում է նախագծի հեղինակ Վազգեն Բրուտյանը:

Ցուցադրությունը գործելու է 2015 թվականի հոկտեմբերի 8-ից դեկտեմբերի 27-ը: Սրահի մուտքը կլինի անվճար հոկտեմբերի 9-ից 11-ը:

Հայազգի արվեստագետ, ճարտարապետ և դիզայներ Վազգեն Բրուտյանը Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքից է: Ուսումնառելով նկարչություն և ճարտարապետություն` Բրուտյանն իր աշխատանքներում համակցում է այդ երկու ուղղությունների փորձը: Նրա արվեստի գործերը ցուցադրվել են ԱՄՆ թանգարաններում և ցուցասրահներում՝ անհատական և խմբային ցուցահանդեսների շրջանակներում: Աշխատելով լավագույն ճարտարապետական ընկերություններում՝ Բրուտյանը Լոս Անջելեսում ձևավորում է  Archi Design Group-ը: 2009 թվականին հիմնում է «Փորձարարական արվեստ և ճարտարապետություն կենտրոն»-ը՝ հանդես գալով որպես կենտրոնի տնօրեն և համադրող: Այդտեղ ցուցադրվել են սկսնակ և հայտնի արվեստագետներ, ճարտարապետներ, կինոռեժիսորներ և լուսանկարիչներ, ովքեր նորարարությունների շնորհիվ նպաստել են իրենց ընտրած ուղղության զարգացմանը: 2013 թվականից Վազգեն Բրուտյանը տեղափոխվել է Երևան: Ներկայումս նա դիզայնի դասընթացներ է անցկացնում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ղեկավարում է կենտրոնում իր նախաձեռնությամբ ձևավորված «Արդեան» նախագծող խումբը:  Վերջինս նպատակ ունի աջակցել Հայաստանում արվեստի, ճարտարապետության և դիզայնի զարգացմանը:

 

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում