24 փտր 2023 - 03 սպտ 2023

Սիրանուշ Աղաջանյան․ Թիթեռներ

Սիրանուշ Աղաջանյանը այն եզակի արվեստագետներից է Հայաստանում, ով, կարելի է ասել, միայնակ ստանձնել է աշխարհի ամենահին արվեստային տեխնիկաներից մեկի՝ խճանկարի վերածնունդը և վերաիմաստավորումը ժամանակակից արվեստի, այդ թվում սթրիթ արթի ուղեծրում։ Տարիներ առաջ Երևանի փողոցներում` այս կամ այն անկյունում, հին ու նոր շենքերի պատերին սկսեցին հայտնվել խճանկարով արված տարբեր պատկերներ. դիմանկարներ, պոպ մշակույթի կերպարներ, խորհրդանիշեր, սոցիալ-մշակութային որոշ ֆենոմենների շուրջ ստեղծագործություններ և այլն։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում և Արցախում նա ստեղծեց մեծածավալ խճանկար-թիթեռներ՝ «Հետպատերազմյան թիթեռներ/Սիրահարանք» անվանումով։ Սիրանուշի համար թիթեռների գաղափարը ծնվել է որպես նոր կյանքի, վերածննդի և սիրո մարմնավորում։ 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» ներկայացված «Սիրանուշ Աղաջանյան․ Թիթեռներ» ցուցադրությունը, շարունակելով հետպատերազմյան «Սիրահարանքի» թեման, տարբերվում է, որովհետև այստեղ թիթեռները նոր կերպարանք են ստանում։ Այս խճանկարներում արդեն պարզապես բնության գեղեցիկ արարածների պատկերներ չեն, այլ Սիրանուշի տարիներ շարունակ արված սթրիթ արթ աշխատանքների նոր մեկնաբանություն, բայց՝ թանգարանային միջավայրում։ 

Գրադարանի ողջ պատի երկայնքով տարածվող թիթեռները դեկորատիվ կերամիկայից և բնական քարերից են, որոնք այս պատկերների փիքսելներն են: Մարդկության պատմության ամենահին արվեստային տեխնիկաներից մեկը, հազարամյակների խորքից ձեռք է մեկնում 21-րդ դարի մարդուն, ում համար թվանշային փիքսելը հեռախոսների և համակարգիչների էկրանների վիզուալ հաղորդակցման հիմքն է։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, առաջին անգամ ներկայացնելով Սիրանուշ Աղաջանյանի խճանկարային աշխատանքը «ՎԱՂԸ» խմբային ցուցադրության շրջանակում 2021 թվականին, այս նախագծի միջոցով շարունակում է ուղիներ հարթել սթրիթ արթի համար՝ փողոցային միջավայրից տեղափոխելով թանգարանային, որքան էլ դա հակասական հնչի։

  • Կրթական ծրագիր
    Խճանկարի աշխատարան Սիրանուշ Աղաջանյանի հետ
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում