29 նմբ 2019 - 01 մրտ 2020

Տարագիրներ ու երազողներ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) մշտապես հատուկ ուշադրություն է դարձրել մասնավոր հավաքածուներին և մենք ուրախ ենք ներկայացնելու «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի արդեն իսկ չորրորդ ցուցադրությունը: Մասնավոր կոլեկցիոների կողմից հիմնադրված կենտրոնի առաջնահերթություններից է ավելի լայն հանրության համար անհասանելի արվեստի ցուցադրումը: Այդուհանդերձ, «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցահանդեսը ոչ միայն ներկայացնում է գրաֆիկական արվեստի մի թաքնված գանձարան, այլև բացահայտում է սփյուռքահայ արվեստագետների մի աստղաբույլ, որին անգամ արվեստի մասնագետները ծանոթ չեն Հայաստանում և որոնցից շատերը երբևէ Հայաստանում չեն ցուցադրվել

Այս ցուցադրությունը ներկայացնում է Վիգեն Գալստյանի` 1990-ականների կեսերից ի վեր ժողովված արվեստի և դիզայնի ավելի մեծ հավաքածուի մի փոքր ընտրանի: Որպես լուսանկարչության, հայ արդի ու ժամանակակից արվեստում մասնագիտացված արվեստաբան, Գալստյանը դիտարկում է հավաքածուն իբրև իր գիտական գործունեության շարունակություն: Դեռևս պատանի հասակում ձեռք բերելով առաջին արվեստի գործը, նա ցանկացել է իր կոլեկցիոներությամբ հարցադրել ինստիտուցիոնալ այն նեղ նարատիվները, որոնք շարունակում են գերակշռել հայ արդի վիզուալ մշակույթի ընկալումներում:

Ընդգրկելով գրաֆիկական արվեստի գրեթե բոլոր ձևերը՝ ցուցադրությունը ի մի է բերում սփյուռքի մեծ կենտրոններում գործող քառասունչորս հայ նկարիչների հիսունյոթ ստեղծագործություն: Այսպիսով մեզ հնարավորություն է տրվում  ընդհանրացված կերպով ուրվագծել արդի արվեստի զարգացումը նախորդ դարում` այդ գործընթացներում ինտեգրված սփյուռքահայերի տեսանկյունից։ Միաժամանակ, սա նաև առիթ է խորհելու, թե ինչպես է այս նկարիչների գործնեությունը բարդացնում մեր պատկերացումները «հայկական» արվեստի մասին, որը ձևավորվում էր արևելահայ կենտրոններում 1900-90-ականների ընթացքում:

Հինգ մասից կազմված ցուցադրությունը զննում է, թե ինչպես են այս նկարիչները սահմանել Ինքնությունը, Վայրը, Մարմինը, Երևակայականը և Վերացականն իրենց գործերում, որոնք հավաքականորեն պարագծում են արդի ու ժամանակակից արվեստի ավելի լայն գեղագիտական ծրագիրը: Ներկայացված ցուցանմուշների կապերն ու բաժանումները ձևավորում են հետագծեր, որոնք մատնանշում են մի պարզ ճշմարտություն՝ մասնավորապես այն փաստը, որ հայ մշակութային արդիականության գնահատականները պետք է դուրս գան արևելահայ համատեքստից, ներառելով դրա մշուշոտ երկվորյակի՝ անդադար ձևափոխվող Սփյուռքի ներկայությունն ու ազդեցությունը: 

  • Կրթական ծրագիր
    Բացահայտելով գրաֆիկական արվեստը. խաղ-էքսկուրսիա
    Իմանալ ավելին
  • Ցուցադրության պատկերագիրք
    Տարագիրներ ու երազողներ
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում