Թերեզա Միրզոյան 100
Թերեզա Միրզոյանը (1922-2016) 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ կարևոր ավանդ ունեցած ականավոր արվեստագետներից է, ում անունը, ցավոք հանրային լայն շրջանակներին հայտնի չէ։ Այդուհանդերձ, նա ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև անգնահատելի ազդեցություն է ունեցել հայկական քանդակագործության զարգացման վրա՝ լինելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին դասախոսներից մեկը և աշխատելով հայկական արվեստային գլխավոր կրթական հաստատությունում շուրջ վաթսուն տարի։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է արվեստագետի 100-ամյա հոբելյանին նվիրված հետահայաց ցուցադրությունը։ Ամփոփելով Թերեզա Միրզոյանի ուղին՝ այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու քանդակագործի թե՛ գեղագիտական մոտեցման, թե՛ պլաստիկական լեզվի, թե՛ տարբեր տեխնիկաների ու նյութերի կիրառման, և թե՛ թեմատիկ դիապազոնի բազմաթիվ շերտեր։
Թերեզա Միրզոյանը եղել է 20-րդ դարի եզակի կին քանդակագործներից մեկը Հայաստանում, և այդ տեսանկյունից նրա ստեղծագործության ներկայացնումն ու բացահայտումն առավել արդիական է այսօր։ Բացի այդ, նա այն քիչ կին արվեստագետներից էր Խորհրդային Միությունում, որ աշխատել է մոնումենտալ քանդակագործության բնագավառում ևս։ Որքան էլ ժամանակավրեպ հնչի այդ միտքը 21-րդ դարում, բայց ակնհայտ փաստ է, որ հատկապես քանդակագործության ասպարեզում տղամարդ արվեստագետները մշտապես գերակայել են․ սա ունի իր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները։ Այս տեսանկյունից կին քանդակագործի ներկայացնումն էլ ավելի է կարևորվում։
«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կատարում է իր առաքելությունը հայ մշակույթի լավագույնը ներկայացնելու տեսանկյունից։ Այս իմաստով նաև հատկանշական է, որ այս աանհատական ցուցադրությունը առաջինն է Կենտոնի գործունեության մեջ, որ անդրադառնում է կին արվեստագետի ժառանգությանը։ Սա առաջինն է նման ցուցադրությունների շարքում, որոնք պարբերաբար կբացահայտեն հայ արվեստի լուսանցքներում մնացած կին արվեստագետներին։