Վաղարշակ Արամյան ․․․ և մետաֆիզիկա
Վաղարշակ Արամյանի (1945–2006) արվեստը աշխարհի հետ անդրիրական պրիզմայով հարաբերվելու մասին է։
Մեզ շրջապատող աշխարհը տեսանելի, նյութական և ֆիզիկական է, սակայն մարդկային ընկալման մեջ այն դարեր շարունակ տատանվել է իրականի և անիրականի, հասկանալիի և անհասկանալիի, փաստացիի և երևակայականի, նյութականի և միստիկականի միջև։ Զգայարաններով ընկալելի երևույթների ռացիոնալ բացատրությունը միշտ չէ, որ բավարարում է մարդուն, և արվեստը հաճախ դառնում է իրականության անորսալի շերտերին մոտենալու ուղիներից մեկը՝ տեսանելիի միջոցով անտեսանելիին հասնելու փորձ։
Վաղարշակ Արամյանի (1945–2006) արվեստը աշխարհի հետ հենց այսպիսի՝ անդրիրական պրիզմայով հարաբերվելու մասին է։ Արվեստագետի ստեղծագործություններում մարմինները, դեմքերն ու առարկաները կորցնում են իրենց կայուն սահմանները, ստանում նոր, երբեմն անհնար ձևեր, միաձուլվում միմյանց և ներգրավվում տարօրինակ, ներքին տրամաբանությամբ կառուցված կոմպոզիցիաների մեջ։
Ֆորմալ առումով այս պատկերային լեզուն երբեմն մոտենում է սյուրռեալիզմին՝ ֆանտաստիկ կերպարանափոխություններով, սակայն գաղափարական մակարդակում Արամյանի արվեստն ավելի սերտ զուգահեռներ է ստեղծում մետաֆիզիկական նկարչության հետ։
Արամյանն իրեն բնորոշել է որպես «զարմացող մարդ»։ Այդ զարմանքը նրա արվեստում վերածվում է ստեղծագործական սկզբունքի․ նրա հայացքի ներքո սովորականը դառնում է անսովոր, առարկաները՝ խորհրդավոր, իսկ իրականությունը՝ անսահման մեկնաբանելի։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացվող «Վաղարշակ Արամյան … և մետաֆիզիկա» ցուցադրությունն ընդգրկում է արվեստագետի ստեղծագործական ժառանգության լայն շրջանակ, որի միայն մի մասն է անմիջականորեն առնչվում մետաֆիզիկական նկարչության պատմական ուղղությանը։ Առաջին անգամ ցուցադրվում են նաև արվեստագետի գրաֆիկական աշխատանքները, որոնց մեծ մասը ստեղծվել է 1967–1968 թվականներին։
Այս ցուցադրության մեջ մետաֆիզիկան առաջարկվում է ոչ թե որպես Արամյանի արվեստը սահմանող վերջնական բնորոշում, այլ որպես այն մեկնաբանելու հնարավոր բանալի։