14 հլս 2018 - 16 սպտ 2018

11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի

Ի՞նչ է աբստրակցիան կամ վերացականությունը: Եթե դիտարկենք բառը արվեստային եզրերից դուրս, ապա վերջինս վերացարկման արդյունքում առաջացած ընդհանրացումը բնորոշող բառ է: Վերացարկումը, իր հերթին, իմացականի մակարդակում այս կամ այն առարկային և երևույթին բնորոշ ընդհանուր, հատկանշական և օրինաչափ գծերի վեր հանումն է, որն իրականացվում է ոչ էական հատկություններից կտրվելով, «վերանալով»: Արդյունքում, վերացարկումն օգնում է մարդուն ճանաչել աշխարհին բնորոշ ընդհանուր գծերը. վերացական հասկացությունների շարքին են պատկանում, օրինակ, գույնը, գեղեցկությունը, երկարությունը, ազնվությունը, տրամադրությունը և այլն: Վերացականությունը առարկայական աշխարհում գոյություն չունեցող, սակայն այդ աշխարհը բնորոշող հասկացություն է: 



Այս համատեքստում, առավել հետաքրքրական է դառնում աբստրակտ արվեստի դիտարկումը: Փաստորեն, աբստրակտ հասկացությունները եղել են մարդկության գոյությանը զուգահեռ, սակայն աբստրակտ արվեստը, որպես այդպիսին, առաջացել, տեսական հիմքեր ստացել ու զարգացել է վերջին հարյուրամյակի ընթացքում: Վերացական արվեստին բնորոշ գեղագիտական լեզուն դարեր շարունակ գոյություն է ունեցել, սակայն այն գիտակցված չի եղել և չի ընկալվել՝ որպես առանձին ուղղություն:


Հայաստանյան իրականության մեջ աբստրակտ արվեստը հայտնվել է 20-րդ դարի 60-70-ական թվականներին: Խորհրդային ժամանակաշրջանում համաշխարհային մշակութային զարագցումներին առնչությունը որոշակիորեն խոչընդոտված էր, և խորհրդային միությունում ապրող արվեստագետները հնարավորություն ունեին առերեսվելու հետպատերազմյան շրջանի ժամանակակից արվեստի զարգացմանը արևմուտքում, միայն զարտուղի ճանապարհներով: 


Չնայած նրան, որ աբստրակտ արվեստը իր տարբեր դրսևորումներով, լինի դա լուչիզմ, օրֆիզմ, սուպրեմատիզմ կամ տաշիզմ, գոյություն ունի մեկ դարից ավելի, անգամ այսօր դիտողները, թանգարանների այցելուները, արվետասերները որոշակի վերապահումով են վերաբերվում այս ուղղությանը: Ի՞նչ է աբստրակտ արվեստը, ինչպե՞ս նայել և գնահատել այն: 



«11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում փորձ է՝ ներկայացնելու այսօր Հայաստանում գոյություն ունեցող աբստրակտ արվեստի դաշտը, որը շատ ավելի ընդարձակ է, քան այս ցուցադրության սահմաններն են: Ընտրված տասնմեկ արվեստագետները պատկերավոր կերպով ներկայացնում են՝ որքան տարբեր կարող է լինել աբստրակտ արվեստը՝ թե ձևով, թե գեղագիտությամբ, թե տեխնիկայով: Ներկայացված ստեղծագործությունների զգալի մասը կամ առաջին անգամ է ցուցադրվում հանրությանը կամ ստեղծվել է հատուկ այս ցուցադրության համար: Այս ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրահատուկ անդրադարձ է կատարվում Հայաստանի ժամանակակից աբստրակտ արվեստին:



Ցուցադրության շրջանակներում Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ներկայացվելու են տասնմեկ հայ արվեստագետի շուրջ հիսուն աշխատանք. Ալբերտ Հակոբյան, Աշոտ Հարությունյան, Գագիկ Ղազանչյան, Գևորգ Քասաբյան, Էդիկ Պողոսյան, Լեո Լեո Վարդանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Համլետ Հովսեփյան, Մոկո Խաչատրյան, Յուրա Հարությունյան, Վահան Ռումելյան:
 

  • Ցուցադրության պատկերագիրք
    11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
  • Հատուկ միջոցառում
    Հայ աբստրակցիոնիստների ցուցադրության պատկերագիրքը
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում