Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում
Արա Հարությունյանը (1928-1999) խորհրդային ժամանակաշրջանի հայ ամենաականավոր մոնումենտալ քանդակագործներից էր: Նրա կոթողային ստեղծագործություններն սփռված են հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններում, ինչպես նաև այդ սահմաններից դուրս: Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգությունը բազմաշերտ է. մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններ, դիմաքանդակներ, շիրմաքարեր, բազմաթիվ գծանկարներ և գրաֆիկական աշխատանքներ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը, որ իրականացվել է «Արա Հարությունյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ և նվիրված է արվեստագետի ծննդյան 90-ամյակին, այդուհանդերձ հետահայաց լինելու միտում չունի: Աշխատանքներ են ներկայացված տարբեր շրջափուլերից՝ բացահայտելով վարպետի հարուստ գեղարվեստական լեզուն և կենտրոնական դերը հայկական քանդակագործության էջերում:
1950-ական թվականները արվեստագետի կայացման և լայն ճանաչման տարիներն էին: Այս շրջանում է արտահայտվում նրա կամերային քնարերգությունը, որը հատկապես նկատելի է նույն տարիներին ստեղծված մի շարք դիմաքանդակներում («Ուսանողուհի», 1954, «Իդա Կար», 1957): Ի դեպ, Իդա Կարին պատկերող աշխատանքը նա բեկումնային էր համարում իր ստեղծագործության մեջ: Այս դիմաքանդակում արդեն նկատելի են ֆորմայի մոնումենտալ ընկալման հիմքերը:
1960-1970-ական թվականները դարձան քանդակագործի ամենաբուռն ու բեղմնավոր ստեղծագործական տարիները: Իր քառասունից ավելի մոնումենտալ աշխատանքների մեծ մասը ստեղծվել է հենց այս տարիներին:
Քանդակագործությանն ու արձանագործությանը զուգահեռ Արա Հարությունյանը ակտիվորեն զբաղվում էր գրաֆիկայով: Յոթանասունականների վերջում սկսված և մինչ ուշ իննսունականներ շարունակված ստեղծագործությունների, այդ թվում՝ օֆորտների քանակը, վկայում են, որ արվեստի այս ձևն արդյունքում ավելին է քան միջոց քանդակագործի համար. հատկապես օֆորտը պարզապես միջոց չի կարող դիտարկվել:
Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգության մեջ հստակ նկատելի է նրա անվերապահ կապը դասական արվեստի և պատմական կարևոր մոնումենտալ կառույցների հետ՝ լինի դա հունական արխայիկ կուրոսը («Պատանեկություն», 1962), Պերսեպոլիսի, Ասորեստանի, Ուրարտուի մոնումենտալ ժառանգությունը («Խալդի շինարար», 1963, «Որս», 1968), թե` Սուրբ Սեբաստիանի կերպարը («Հաղթողը», 1962):
Արա Հարությունյանի արվեստում առանձնահատուկ տեղ են գրավում կանացի կերպարները: Արվեստագետի աչքը գրավում են կանացի նուրբ դիմագծերն ու մարմնի դինամիկան, որը հատկապես գրաֆիկական աշխատանքներում որոշակի էրոտիզմի շունչ է ստանում: Սակայն անգամ այդ նրբագեղ ստեղծագործություններում ցցուն երևում է ֆորմաների մոնումենտալ կերպը: Հատկապես ուշագրավ է տարբեր թվագրություններ ունեցող մերկ ֆիգուրների շարքը, որոնցում բնորդուհիները ոչ թե նկարված, այլ քանդակված են՝ կոպիտ, անհարթ ուրվագծերով:
1980-1990-ական թվականներին Արա Հարությունյանն սկսեց նաև էքսպերիմետներ անել աբստրակտ ֆորմաների հետ: Արա Հարությունյանին դժվար է անվանել աբստրակցիոնիստ, սակայն նրա ստեղծագործության այս եզրը քիչ հետազոտված: Այն առաջին հերթին ներկայացման կարիք ունի: Անգամ վերացական աշխատանքների դեպքում մենք առնչվում ենք մոնումենտալ մտածողության և այդ ոգով ստեղված գեղագիտության սահմանների անորոշությունը:
Այս ցուցադրության միջոցով մենք փորձում ենք արվեստի «մոնումենտալ» լինելու բանալին գտնել: Որտե՞ղ է սկսվում և ավարտվում մոնումենտալը. Արա Հարությունյանի արվեստը գալիս է ապացուցելու, որ սկիզբն ու վերջը դժվար է սահմանել: