Չափանիշ
«Չափանիշ» ցուցադրությունը չի առաջարկում հստակ սահմանում, այլ ձևավորվում է որպես տարբեր ընկալումների համատեղ գոյակցության տարածություն...
Ի՞նչ ասել է թե «չափանիշ»։ Ի՞նչ է նշանակում որոշել որևէ բանի չափը կամ ունենալ չափման հստակ նիշ։ Եվ ի՞նչ է պատահում, երբ այն, ինչի չափը փորձում ենք որոշել, չափման ենթակա չէ։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Աշոտ Աշոտի, Մ․Կարոյի և Նարեկ Ավետիսյանի կողմից նախաձեռնած «Չափանիշ» ցուցադրությունը նրանց ստեղծագործական նկրտումների գեղարվեստական մանիֆեստն է՝ հիմնված վերնագրում արտացոլված գաղափարի վրա։
Չափանիշը որևէ երևույթի բացարձակ վիճակն է, ըստ որի որոշվում է այս կամ այն բանի լինելը՝ այդ բացարձակի նկատմամբ հարաբերությամբ։ Մարդկությունը չափանիշներ սահմանելու հակում ունի, չնայած տարբեր չափանիշների վերաբերյալ պատկերացումները հաճախ չեն համընկնում։ Այդ առումով «չափանիշ» բառի հետ երեք արվեստագետների հարաբերությունները, տարբեր լինելով հանդերձ, ունեն որոշակի հատման կետեր, որոնք արտացոլվում են ոչ միայն տեսողական լեզվում, այլև ստեղծագործությունների հոգևոր և գաղափարական հղացքներում։
Ժամանակակից արվեստի հիմքում գտնվող արվեստի հարցադրումը ենթադրում է, որ գոյություն ունի որոշակի չափանիշ, որի հիման վրա հնարավոր է ընկալել՝ արդյոք որևէ բան արվեստ է, թե ոչ։ Այդուհանդերձ, պետք չէ այս ցուցադրության մեջ փնտրել միայն արվեստի մասին հեղինակների չափանիշային պատկերացումները, քանզի նախագիծը «չափանիշ» ֆենոմենի ավելի լայն ընկալմանն է ուղղված։ Այն Աստծո, հոգու, սիրո, արվեստի և վերջապես կյանքի չափանիշների և այդ երևույթների հնարավոր անչափելի լինելու մասին է։
Մենք ապավինում ենք չափանիշներին՝ համեմատելու, դատելու և արժեք սահմանելու համար՝ որոշելու, թե ինչն է իմաստալից, ինչն է գեղեցիկ, ինչն է ճշմարիտ։ Սակայն այս չափման ընկալումները ոչ կայուն են, ոչ էլ համընդհանուր։ Դրանք մտացածին են, փոփոխական և հաճախ անհամատեղելի։
Այս նախագծում չափանիշը երբեմն հանդես է գալիս որպես չափման ձև՝ փորձ՝ հաստատելու տեսողական միավորներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ընկալել և համեմատել իմաստը։ Մյուս դեպքում այն վերածվում է գոյաբանական կամ մետաֆիզիկական վիճակի՝ կապված անսահմանության կամ հավերժության մեջ սեփական տեղը սահմանելու հետ։ Եվ մեկ այլ դեպքում այն դառնում է խորապես անհատական և հարաբերական՝ ձևավորվելով այն բանի շուրջ, ինչը դժվար է սահմանել կամ համընդհանուր դարձնել։ Ուստի, «Չափանիշ» ցուցադրությունը չի առաջարկում հստակ սահմանում, այլ ձևավորվում է որպես տարբեր ընկալումների համատեղ գոյակցության տարածություն՝ միաժամանակ բացահայտելով տարբեր չափման համակարգերի անհամատեղելիությունը, լինի դա համակարգային, անհատական, թե հոգևոր իրականություններում։
«Չափանիշ» ցուցադրության հիմնական մասը ներկայացված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, սակայն հեղինակների ասելիքը յուրահատուկ ձևով ու բացարձակ նոր շերտերով բացահայտվում է նաև Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում և Ցուցասրահ Մեկում՝ այդ թվում այլ մուլտիմեդիաների միջոցով։