Ներսուդուրս
Ժամանակակից արվեստի տիրույթում արտահայտչամիջոցների անսահմանափակ ընտրության հնարավորությամբ, ինչպես նաև իր վառ ստեղծագործական երևակայությամբ տոգորված՝ Անուշ Ղուկասյանը մեզ հրավիրում է մի միջավայր, որտեղ միմյանց հետ հատվում են նյութական և ոչ նյութական աշխարհները: Հողային զանգվածից ելնող կոպիտ կավե կաղապարների մեջ պատկերելով նուրբ եթերային երկինք՝ արվեստագետը մեկտեղում է երկրային և երկնային իրականությունները: Նա կարծես յուրովի մեկնում է սահմանափակից անսահմանություն, ապականությունից մաքրություն, մահից կյանք անցումներն ու փոխակերպումները, որոնք, անհատական ընկալմամբ, բխում են երկնքի և երկրի հպումից՝ հանդիսանալով նոր սկիզբ և ծնունդ:
«Ներսուդուրս» ցուցադրությունը ներկայացնում է երիտասարդ արվեստագետի գեղարվեստական գործունեության ընդհանուր թելի շարունակությունը, որը նա մշակել է ավելի քան հինգ տարի: Նրա որոշ ստեղծագործություններ նուրբ աշխատանքներ են՝ հոգատարությամբ ստեղծված նրբին արհեստից, իսկ մյուսները թողնված են ավելի հում, անմշակ:
««Ներսուդուրս»-ը գտնվում է այս երկուսի մեջտեղում, ճիշտ ինչպես աշխարհը միջանկյալ շրջանի փորձառություն ապրեց համաճարակի ընթացքում: Արվեստագետը միավորում է երկու հակադիր և տարբեր մասշտաբի տարրեր՝ ստորգետնյա հողը և եթերային օդը: Այն հարցման մեջ է դնում սահմանների փոփոխականությունն ու հեղհեղուկությունը»,- նշում է ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանը։
«Ացելուները հնարավորություն կունենան բացահայտելու ժամանակավորի և հավիտենականի, սահմանափակի և անսահմանի, հողեղենի և երկնայինի հատման եզրերը և մտորելու իրենց մեջ մեջ սինթեզված տարբեր իրականությունների մասին»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Անուշ Ղուկասյանը (ծնվ. 1985, Երևան) իր սերնդի ամենաակտիվ արվեստագետներից է: Ավարտելով Գեղարվեստի պետական ակադեմիան որպես գրաֆիկ նկարիչ, նա հիմնականում ստեղծագործել է ինստալյիացիոն արվեստի ոլորտում: Նրա աշխատանքները ներկայացված են եղել Հայաստանում և Արցախում տարբեր խմբային ցուցադրությունների: 2018-ին և 2019-ին նա հանդես է եկել երկու անհատական նախագծերով՝ «111» և «Կտոր-կտոր»: Վերջինս արժանացել է Պողոսյան մրցանակի (նախկինում՝ ՀՀ նախագահի մրցանակ):