Քոչար. մարտահրավեր Ժամանակին
«Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրությունը նվիրված է հայ հռչակավոր արվեստագետ Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին: Ցուցադրությունը, որը կյանքի է կոչվել Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ՝ ԳԱԿ-ի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում, ներկայացնում է արվեստագետի ստեղծագործությունների փայլուն ընտրանի, այդ թվում՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան և երևանյան շրջաններից:
Ներկայացնելով երեսուն աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանից և մասնավոր հավաքածուներից՝ «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրությունը եզակի հնարավորություն է ընձեռում ընկալելու մեծ արվեստագետի գաղափարական և գեղարվեստական աշխարհայացքի զարգացմումը՝ գեղանկարչական, գրաֆիկական, քանդակային, ինչպես նաև նրա՝ նորարարական պլաստիկ-գեղանկարչական՝ տարածական նկարների միջոցով:
1923 թվականին հաստատվելով Փարիզում՝ 24-ամյա Քոչարը առաջին իսկ ամիսներից հստակ քայլերով ներքաշվեց Փարիզի բազմաշերտ արվեստային միջավայրի մեջ՝ դասվելով ժամանակի առաջադեմ արվեստագետների շարքում: Կարճ ժամանակահատվածում նրա արվեստն ընդունվեց որպես «խորապես իմացական, կատարողական բարձր վարպետությամբ», «նորարարական», «ավանգարդիստական և ամենահամարձակներից»: Քոչարի վերադարձը Երևան 1936 թվականին դարձավ շրջադարձային արվեստագետի կյանքի և ստեղծագործության հետագա ընթացքի համար, քանի որ բռնապետական հասարակարգի պայմաններում Քոչարի առաջադեմ և նորարարական արվեստը ընդունվեց որպես «հակախորհրդային և հակահեղափոխական»: Ազգային ինքնության ազատագրումը դառնում է քոչարյան ավանգարդի նոր ուղենիշը: Քոչարը, ով իր հայրենիքում դարձավ նորի ու ազատության խորհրդանիշը, վերականգնեց ազգային ինքնության ոգին և պայքարը՝ մարմնավորված Սասունցի Դավիթ և Վարդան Մամիկոնյան մոնումենտալ քանդակներում: Քոչարի ստեղծագործությունը մարտահրավեր էր դարաշրջանին՝ ներշնչված իր ժամանակի և ապագայի տեսլականներով:
«Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրությունը ևս մեկ քայլ է Քոչարի ստեղծագործ հանճարը բացահայտելու ճանապարհին՝ որպես 20-րդ դարի Ավանգարդ արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի:
Ցուցադրությունը կտևի մինչ 2014 թվականի դեկտեմբերի 14-ը: Մուտքն անվճար է: