ՎԱՂԸ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է «ՎԱՂԸ» ցուցադրությունը՝ տասնյոթ հայ ժամանակակից արվեստագետների մասնակցությամբ։ Խմբային նախագծերը ոչ միայն բազմաթիվ հեղինակների ներկայացնելու հնարավորություն են ընձեռում, այլև թույլ են տալիս առավել ընդգրկուն անդրադառնալու առանձին թեմաների, ժանրերի կամ շերտերի։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրականացնում է արդեն 3-րդ նմանատիպ ցուցահանդեսը։ Այդուհանդերձ, ի տարբերություն մինչ այդ կայացած «Վերաիմաստավորելով բնությունը» և «11․ հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունների, «ՎԱՂԸ» նախագծի դիապազոնը շատ ավելի ընդարձակ է, քանի որ կենտրոնացած է ոչ թե մեկ թեմայի, այլ` Հայաստանի ներկայիս ակտուալ, ժամանակակից վիզուալ արվեստի ընդհանուր դաշտի վրա։
Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում ժամանակակից կերպարվեստի հետ և ի՞նչ ակնկալել վաղը։ Որքանո՞վ է այն արձագանքում այսօր աշխարհում առկա արվեստի միտումներին՝ թեմաների, ոճերի, տեխնիկաների ու մեդիաների առումով։ Այս և մի շարք այլ հարցերի, բնական է, դժվար է պատասխանել մեկ ցուցադրության միջոցով, սակայն հնարավոր է ներկայացնել այսօր երկրում գոյություն ունեցող վիզուալ արվեստի դաշտի որոշակի կետեր, որ առնչվում են այդ հարցադրումներին և որոնք հանրային լայն շրջանակների ուշադրությունից դուրս են։
«Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ցուցադրված տասնյոթ արվեստագետները մեծամասամբ երկչափ ստեղծագործությունների հեղինակներ են, որոնք աշխատում են հիմնականում ավանդական տեխնիկաներով և նյութերով, սակայն թեմաների և մոտեցումների առումով բավականին ակտուալ ու արդի են, իսկ երբեմն՝ նորարար։ Հայաստանում պատմականորեն գեղանկարչությունը, պատկերային արվեստն ընդհանրապես, եղել է ամենակայացած և տարածված ուղղությունը, և այս ցուցահանդեսը լակմուսի թղթի նման նաև բացահայտում է, որ այսօր այդ ավանդույթը շարունակվում է։ Այս փաստը խոսում է Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի որոշակի բացերի մասին, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառները։
«ՎԱՂԸ» ցուցադրությանը ներկայացված արվեստագետներն անկախության սերնդից են։ Այս առումով հետաքրքրական է հետևել՝ ինչպիսի ընդհանուր թեմաներ, արվեստային մոտեցումներ ու ոճեր են երբեմն տարանջատում կամ, ընդհակառակը, միավորում առաջին հայացքից միմյանցից բավականին հեռու գտնվող մի շարք ստեղծագործողների։ Կիրառված տեխնիկաների ու նյութերի առումով էլ շրջանակը բավականին լայն է․ կտավ-յուղաներկից մինչև տպագրական գրաֆիկա, լուսանկարչություն, կոլաժ, ասեղնագործություն, խճանակար ու ռեդի-մեյդ։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում առաջին անգամ ներկայացված հեղինակները ստեղծում են մի հարթակ, որտեղ շարունակական անհատական և խմբային նախագծերի միջոցով առաջիկայում երևան կգան հայ ժամանակակից արվեստի նոր շերտեր՝ ինչպես այս, այնպես էլ այլ արվեստագետների հետ համագործակցելու շնորհիվ։
«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ
Միլենա Ադամյան
Մերի Բադալյան
Գայանե Բարխուդարյան
Անուշ Դավթյան
Կարեն Խաչատուրով
Աննա Կրճացյան
Նարեկ Հակոբյան
Մանվել Մաթևոսյան
Դավիթ Քոչունց
Լևոն Ֆլջյան
«Արծիվ» սրահ
Սիրանուշ Աղաջանյան
Գայանե Ավետիսյան
Նարեկ Բարսեղյան
Կիմա Գյարաքյան
Արմեն Հակոբջանյան
Մանվել Մաթևոսյան
Նարե Պետրոսյան
Գրիգոր Սիմոնյան