«ԱրմենՏել» ընկերությունը դարձավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամը
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) դարձավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամը: Փետրվարի 25-ին` հանդիսավոր արարողության ժամանակ, Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին հանձնեց «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2011 թվականին մանկական ու երիտասարդական, կրթական ու ստեղծագործական ծրագրերին աջակցելու համար:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կորպորատիվ անդամակցության ծրագիրը վերջերս է մեկնարկել: Այդ ծրագրով Կենտրոնի կորպորատիվ գործընկերները ստանում են տարբեր արտոնություններ` կախված անդամակցության մակարդակից: Այսօր մենք ողջունում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամ “ԱրմենՏել” ընկերությանը: Կորպորատիվ անդամակցությունը թույլ կտա ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով այցելել Կենտրոնի ցուցահանդեսները և միջոցառումները, նրանց կառաջարկվեն հատուկ հրավերներ և շրջայցեր, որոնք թույլ կտան մեր գործընկերոջ բիզնես-կյանքը հարստացնել մշակույթով ու արվեստով: Այս կերպ մենք ոչ միայն հայտնում ենք մեր երախտագիտությունն աջակցության համար, այլև նախանշում ենք մեր պատրաստակամությունը հետագա փոխշահավետ համագործակցությանը», - հայտարարեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ղեկավար Վահագն Մարաբյանը:
«ԱրմենՏել»-ի տնօրեն Իգոր Կլիմկոն բարձր գնահատեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացված մանկական ծրագրերը: «Մի պահ մասնակիցներից յուրաքանչյուրը դարձավ արվեստագետ, և այդ զգացողությունը բոլորիս համար շատ արժեքավոր էր», - շեշտեց նա:
2011թ. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ իրականացրեց վեց կրթական ծրագիր` ներգրավելով հինգ հազարից ավելի մասնակիցներ: Այս ծրագրերի շարքում են` «Ստեղծագործականություն և երևակայություն», «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ», Զատկական ծրագիր և այլն: