Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի նախագիծը
Վենետիկի 60-րդ արվեստի բիենալե, Նինա Խեմչյան
Մարտի 11-ին Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացավ մամլո ասուլիս, որի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի նախագիծը։
Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում (60th International Art Exhibition – La Biennale di Venezia), որ անցնելու է 2024 թվականի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի (ծնվ․ 1964 թ․) բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծը՝ «Արձագանք»։
Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ)։ Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
Տաղավարի կոմիսարն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մամլո ասուլիսի ժամանակ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ներդրումն ու Ազգային տաղավարի հայեցակարգը ներկայացրեցին ԳԱԿ գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը, տաղավարի համադրող Արմեն Եսայանցը և ԳԱԿ կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը։
2024 թվականի Վենետիկի արվեստի բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի առանցքում են հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդակային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարները, որ վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։
Նինա Խեմչյանի «Արձագանք»-ը բաղկացած է երկու ծավալուն ինստալյացիաներից․ երկու միմյանց ոչ միայն լրացնող, այլև իրարից սերող բաղադրիչներ։
Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում, կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված է Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության տասնմեկ շարականներից մեկը։ Ինստալյացիայի անբաժան մաս է կազմում այս շարականների ակապելլա կատարումը Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կողմից, որը ոգեշնչել է Նինա Խեմչյանին։
Հայաստանի ազգային տաղավարի կարևոր բաղկացուցիչ է նաև Նինա Խեմչյանի «Յոթ մահացու մեղքեր» աշխատանքը՝ 50 մետր երկարությամբ ամբողջական թղթե մոնումենտալ ստեղծագործություն, մարդկության մեղքերի արդի պատկերագրությամբ մի կոթողային գլանակ։
Երկու աշխատանքները՝ «Արձագանքն» ու «Յոթ մահացու մեղքերը» լրացնում և հարստացնում են միմյանց՝ միահյուսելով մարդկային մեղսավորության ու ապաշխարանքի թեմաները, որ այդքան կարևոր և կենսական են հատկապես այսօր։ Այս ձևաչափը կառուցում է խորքային նարատիվ, որտեղ վիզուալ կոդերն ու տեքստային էլեմենտները առավել արժևորում են միմյանց իմաստները։
Հայկական տաղավարը նաև երկխոսություն է ստեղծում 2024 թվականի Վենետիկի բիենալեի թեմայի հետ՝ «Օտարներ ամենուր», ներկայացնելով Ֆրանսիայում ապրող հայազգի արվեստագետի՝ Նինա Խեմչյանի աշխատանքները։ Չնայած ապրելով Եվրոպայում՝ նրա ստեղծագործությունը արմատներով կապվում է այսօր վտանգված հայկական միջնադարյան ժառանգության հետ, գերազանցելով աշխարհագրական և ժամանակային սահմանները՝ անդրադառնալով ինքնության, հիշողության և պատկանելության թեմաներին։
Հայաստանի ազգային տաղավարի շրջանակում նաև անցկացվելու է կրթական ծրագիր, որի միջոցով բացահայտվելու են «Արձագանք» նախագծի տարբեր շերտերը։