“ԱրմենՏել” ընկերությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կհամագործակցեն մանկական ծրագրի շրջանակներում
«ԱրմենՏել» ընկերությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են երեխաների և պատանիների համար կրթական և ստեղծագործական ծրագրերի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պարբերաբար անցկացնել ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեկան ծրագրեր, դասական երաժշտության համերգներ և այլ ուսուցողական նախաձեռնություններ` ուղղված երեխաների և պատանիների գեղագիտական զարգացմանը:
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակաբար աջակցում է երիտասարդների մշակութային զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծրագրերին: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համագործակցությունը մեզ համար էական քայլ է: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կարող ենք ավելի մեծ լումա ներդնել հայ երիտասարդության հոգևոր զարգացման գործում ` հանուն մեր երեխաների և երկրի պայծառ ապագայի», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ուրախ ենք ողջունել մեր առաջին կորպորատիվ գործընկերոջը` «ԱրմենՏել» ընկերությանը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր գործունեության առաջին տարում զբաղեցրել է հատուկ տեղ Հայաստանի մշակութային կյանքում, իսկ մեր գործունեության հանդեպ կորպորատիվ գործընկերների հետաքրքրությունը մեր հանրային նշանակության ևս մեկ վառ ապացույցն է: «ԱրմենՏել»-ի աջակցությունը հնարավորություն կտա ընդլայնել մանկական ծրագրերի ոլորտները` ամրագրելով թանգարանների կրթական դերը հասարակությունում»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանը:
Համագործակցության ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ` «Ստեղծագործականություն և երևակայություն» մանկական ծրագիր 6-12 տարեկան երեխաների համար` հիմնված չեխ քանդակագործ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցադրության վրա, կրթական ծրագիր ավագ դպրոցի աշակերտների համար` նվիրված գեղարվեստական ապակու առաջին հայ դիզայներ Հենրիկ Նիկոյանի ստեղծագործություններին, ստեղծագործական ծրագիր միջին և բարձր տարիքի երեխաների համար` զատկական և գարնանային թեմաներով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև հայ ճանաչված երաժիշտների մասնակցությամբ դասական երաժշտության անվճար համերգներ: