Կայացավ «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը
Մայիսի 21-ին՝ Թանգարանային գիշեր ամենամյա միջոցառման շրջանակներում, տեղի ունեցավ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հեղինակած «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը, որը հանդիսանում է Կասկադ համալիրի ճարտարապետական ժառանգության անբաժանելի մասը:
1980-ականներին, երբ Կասկադը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014) համալիրի սրահներից մեկը ձևավորելու առաջարկով դիմել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանին և արվեստագետը չորս տարի շարունակ աշխատել է այն սրահում, որն այսօր կրում է «Սասունցի Դավիթ» անունը: Բազմաֆիգուր ծավալուն որմնաքանդակը, որը պատկերում է հայկական էպոսի երեք տասնյակից ավելի դրվագներ, ականավոր հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի (1883-1959) գրաֆիկական հայտնի աշխատանքի («Սասունցի Դավիթ», 1922) քանդակային տարբերակն է: Չնայած 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, ապա և Խորհրդային միության փլուզումից հետո տուֆակերտ այս որմնաքանդակն անավարտ է մնացել, այդուհանդերձ այն փոխանցում է ստեղծագործության մոնումենտալ հնչեղությունը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, մշտապես աշխատել է ոչ միայն հայ և համաշխարհային կերպարվեստը ներկայացնել Հայաստանում, այլև պահպանել ու բացահայտել Կասկադ ճարտարապետական համալիրը իր ողջ գեղարվեստական գանձարանով: