Մշակութային համայնքի ամենամյա ընդունելությունը ԳԱԿ-ում
Մայիսի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ թանգարանային աշխատողների և մշակութային համայնքի ներկայացուցիչների ամենամյա ընդունելությունը: Հյուրերի համար Կենտրոնը նախապատրաստել էր յուրահատուկ երեկո: Նախ վերջիններս ծանոթացան պատկերասրահ Մեկում այս տարի բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնին, որտեղ ներկայացված գրքերի լայն տեսականին հետաքրքրեց բոլորին:
Այնուհետև հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» (Սասունցի Դավիթ պարտեզի սրահ) և «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» (Արծիվ սրահ) ցուցադրություններ: Արվեստագետ Սահակ Պողոսյանն անձամբ ներկայացրեց իր նախագիծը ներկաներին:
«Խանջյան» սրահում ցուցադրված Սուրեն Պիպոյանի «Գաղթ» մեծադիր կտավի մասին հյուրերին պատմեց արվեստագետի դուստրը՝ երգչուհի Լիլիթ Պիպոյանը: Ներկաները նաև վայելեցին Լիլիթ Պիպոյանի կատարումները փոքրիկ նվագախմբի, ինչպես նաև մանկական երգչախմբի մասնակցությամբ:
Երեկոն ամփոփվեց հյուրասիրությամբ. արվեստագետները, թանգարանային աշխատակիցներն ու մշակութային համայնքի ներկայացուցիչները միմյանց հետ շփվելու և հաճելի երեկո անցկացնելու հոյակապ հնարավորություն ստացան: