Նոր քանդակների տեղադրություն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Ամռան ընթացքում մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը կվայելեն նոր քանդակների տեղադրություններ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ներառյալ Գաֆէսճեան քանդակների պարտեզը, Կասկադ համալիրը և 50-ամյակի հուշարձանի հարևանությամբ կանաչ տարածքը: Այս սքանչելի քանդակները համալրում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն և Հայաստան են ժամանում ցամաքով, ծովով եւ օդով, աշխարհի տարբեր կետերից՝ Լոնդոն, Փարիզ, Ամստերդամ, Նյու Յորք, Մայամի և Հոնկոնգ: Ընդգրկված են Ֆերնանդո Բոտերոյի, Բարրի Ֆլանագանի, Ջիմ Անսուորթի, Պիտեր Հիլ Ջոնսի և շատ այլ աշխարհահռչակ արվեստագետների աշխատանքներ:
Արվեստանմուշներից շատերն արդեն իսկ արժանացել են բնակիչների և զբոսաշրջիկների համակրանքին: Ջիմ Անսուորթի «Կրկես» մոնումենտալ քանդակը, որը տեղադրվել է 50-ամյակի հուշարձանի հարևանությամբ, ներկայացնում է կրկեսում գտնվող երեք փղերի: Կրկեսի գաղափարը միշտ ոգեշնչել է արվեստագետին, իսկ վերջին աշխատանքներում նա հաճախակի կերտել է փղերի: Նույն հարթակում է գտնվում նաև Պիտեր Հիլ Ջոնսի հմայիչ և գեղեցիկ աշխատանքը՝ «Փոքրիկ տնակը»: Իրական շինանյութերից պատրաստված տնակը, որը ճարտարապետական մտքի փոքրիկ մոդել է, շրջապատված է կանաչ տարածքով, որն էլ ինքնին դարձել է արվեստանմուշի մի մասը: Էկզոտիկ թռչնաքանդակների խումբը շուտով նոր գեղեցկություն կհաղորդի տեղանքի կանաչ հատվածին:
Կոլումբիացի մեծանուն արվեստագետ Ֆերնանդո Բոտերոյի ամենակարևոր աշխատանքներից մեկը՝ «Ծխող կինը», կտեղադրվի Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Բրիտանացի արվեստագետ Բարրի Ֆլանագանի երկու հիանալի աշխատանք՝ «Գենդրդ 1 / Գենդրդ 2»-ը կհամալրեն պարտեզում առկա Ֆլանագանի մյուս քանդակների հավաքածուն: Երկու փղերի վրա կանգնած են արվեստագետի կողմից սիրված նապաստակները:
Ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի կապույտ «Կիվին», երկար ժամանակ գտնվելով Նյու Յորք քաղաքում, Բրոդվեյի Վերդի հրապարակում և հիացնելով Նյու Յորքի բնակիչներին, կհանգրվանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում, Բոտերոյի հանրահայտ «Կատվի» հարևանությամբ: Այն վստահաբար մեծ ուրախություն կպարգևի երեխաներին և բոլոր այցելուներին:
Չինացի արվեստագետ Ժաոհուի Լիուի տպավորիչ սպիտակ մարմարյա «Բևեռային արջը» արդեն միացել է կորեացի արվեստագետ Ջի Յոնգ Հոյի «Առյուծ 2-ին»: Այն հիշեցնում է այցելուներին, որ արվեստը, բացի գեղագիտական արժեք լինելուց, կարող է նաև անդրադառնալ բնության և շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին:
Կասկադի ներսում, Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում, նույնպես տեղադրվում են նոր աշխատանքներ: Դրանցից են Կալիֆոռնիացի արվեստագետ Լեդդի Ջոն Դիլի և Արիզոնայից՝ Օտտո Ռիգանի քանդակները: Արտասովոր դիզայնով ստեղծված աթոռների և բազմոցների հավաքածուն նորովի կգրավի այցելուներին իրենց յուրահատուկ նորարարությամբ և հետաքրքրաշարժությամբ, մինչ նրանք կտեղափոխվեն այս բացառիկ ցուցասրահի շարժասանդուղքներով:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սրտանց հրավիրում է զբոսաշրջիկներին և բնակիչներին վայելելու ամառը Երևանում և բացահայտելու բոլոր նոր արվեստանմուշները:
Հավատարիմ իր առաքելությանը՝ պահպանել Գաֆէսճեան ժառանգությունը Հայաստանի համար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ներկայացնել Հայաստանում: