Թանգարանային միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) նախագահ Էմմա Նարդին այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն
2012 թվականի հունիսի 20-ին Թանգարանային միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) նախագահ Էմմա Նարդին, ամուսնու և Հայաստանի ԻԿՕՄ-ի Ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանի ուղեկցությամբ, այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն:
Հյուրերը շրջայց կատարեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնով, ներառյալ Քանդակների պարտեզը, բոլոր ցուցասրահները և Կասկադ համալիրի բացօթյա հարթակները: Շրջայցն ավարտվեց կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում, որտեղ երկու կողմերի միջև քննարկվեցին կազմակերպչական հարցեր՝ «Թանգարանը և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագիրը կրող գալիք միջազգային գիտաժողի վերաբերյալ:
Տիկին Էմմա Նարդին շատ տպավորված էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով: Նա հիացավ նաեւ Հատուկ միջոցառումների սրահից բացվող քաղաքի և Արարատի գեղեցիկ տեսարանով:
Այցելության ավարտին, տիկին Նարդին գրեց իր տպավորությունների մասին Կենտրոնի հիշողությունների գրքում. «Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելությունն ինձ համար մեծ փորձառություն է: Այստեղ գալուց առաջ ես գիտեի, որ Հայաստանն ունի փառահեղ անցյալ. այժմ ես գիտեմ, որ այն ունի նաև փայլուն ապագա»: