- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Գիտաժողով. «Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց»
Գիտաժողով. «Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց»
2018թ. հունիսի 2-3-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպեց «Երկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ» -ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողով:
«3-րդ հարկ» շարժումը 1980-1990-ական թթ․ հայաստանյան արվեստի և մշակույթի կարևորագույն դրսևորումներից էր: Շարժումը՝ ոճերի, տեխնիկաների և նյութերի տարասեռությամբ, արդի և ժամանակակից արվեստի ավանդույթների, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերի բազմազանությամբ, մասնակիցների ահռելի թվով և, վերջապես, ցուցահանդեսների ծավալով ու հնչեղությամբ Հայաստանում նորարարական արվեստի գոյությունը դարձրեց անժխտելի հանրային փաստ՝ իր համապատասխան հետևանքներով: Շարժումը ոգեշնչող ազատության իդեալը՝ ծնված քայքայվող, բայց և ինքնաբարելավման փորձեր իրականացնող ԽՍՀՄ համակարգի ներսում, միաժամանակ ուղղված էր հենց համակարգի դեմ:
«3-րդ հարկ»-ը գորբաչովյան Վերակառուցման արդյունքն էր, բայց նրա գեղարվեստական օրակարգում ու արտադրանքում հառնեցին համակարգը ներսից քանդելու ներուժ ունեցող ուժեր ու ռազմավարություններ, որոնց ծագումն ու հետևանքները, զարգացումներն ու սահմանափակումները պարզելու նպատակ է հետապնդում գիտաժողովը:
Հետազոտողներն ու ժամանակաշրջանով հետաքրքրվող անձինք հրավիրված էին մասնակցելու գիտաժողովին հետևյալ հարցերի շրջանակում․
• Ի՞նչ էր իրենից ներկայացնում «3-րդ հարկ»-ը կազմակերպական ու կառուցվածքային առումով:
• Որո՞նք էին «3-րդ հարկ»-ի շրջանակներում կայացած գեղագիտական ու մշակութային-քաղաքական սկզբունքները:
• Ի՞նչպես էր «3-րդ հարկ»-ը արտաբերում իր ժամանակը ու կանխատեսում հնարավոր ապագան:
• Ի՞նչ դեր ունեցավ «3-րդ հարկ»-ը Հայաստանի ժամանակակից արվեստի կայացման գործում:
• Որո՞նք են այն ուղերձները, որոնք ձևավորվեցին ու փոխանցվեցին շարժման շրջանակներում:
• Ինչպե՞ս են այսօր դրանք ընկալվում:
Գիտաժողովի նյութերի ժողովածուն առկա է ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում։
Գիտաժողովի գործընկերն էր Beeline Armenia-ն:
-
Գիտաժողովի նյութերի ժողովածուԵրկխոսությունն իբրև անելիք. «3-րդ հարկ» -ի հայտը և այժմեականությունը 30 տարի անցԻմանալ ավելին