- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Հիշողության քարտեզ
Հիշողության քարտեզ
«Հիշողության քարտեզ» ծրագիրն իրականացվում էր «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրության շրջանակներում: Ծրագիրը ենթադրում էր 8 հանդիպում ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ, որոնք կիսվում էին իրենց ընտանիքի պատմությամբ՝ ներկայացնելով ընտանիքին պատկանող որևէ առարկա, մասունք (լուսանկար, զարդ…), որը պատկանել է իրենց նախնիներին և հասել է մեզ:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց էին ունենում ցուցասրահում, ծանոթանում Սահակ Պողոսյանի նախագծին, ցուցադրության հիմնական գաղափարին և ցուցադրված աշխատանքներին:
Ծրագրի երկրորդ մասը շարունակվում էր կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ ծրագրի հյուրը ներկայացնում էր իր ընտանիքի պատմությունը՝ ցեղասպանությունից հետո պահպանված առարկայի միջոցով, որից հետո տեղի էր ունենում քննարկում-զրույց ցեղասպանության և հիշողության շուրջ:
Ծրագրի վերջում, այդ նույն առարկայի լուսանկարը փակցվում էր պատմական Հայաստանի քարտեզի վրա՝ նշելով ցեղասպանության ժամանակ տեղահանված մարդու/ընտանիքի անցած դաժան ուղին:
Ծրագրի նպատակն էր ցեղասպանությունը վերապրած սերնդի անհետացող պատմությունների բացահայտումը և Ցեղասպանության հիշողության քարտեզի հետքերով գնալը: Ծրագրի հիմնական խնդիրներից էր նաև համախմբել տարբեր սերունդներ և արթնացնել, ավելի երիտասարդ սերնդի՝ որպես նույն պատմության և հիշողության կրողների, գիտակցությունը: