- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Հանդիպում Գրքի հետ
Հանդիպում Գրքի հետ
Իրականացվելով «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրության շրջանակներում՝ կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել գրքի նկարազարդումը որպես արվեստի տեսակ, խթանել սեր և գնահատանք ընթերցանության հանդեպ՝ վերարժևորելով տպագիր գրքի կարևորությունը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում: Ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան հիմնարար գիտելիքներ գրքի կառուցվածքի և տեխնիկաների մասին, կձևավորեն և կստեղծեն իրենց սեփական գիրքը, ինչպես նաև կծանոթանան գրքի ստեղծման գործընթացին տպագրատանը:
Ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքի դպրոցականների համար՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ համագործակցությամբ:
Յուրաքանչյուր շաբաթ ծրագրին կմասնակցի երկու դասարան, որի ընթացքում երեխաները կծանոթանան Գրիգոր Խանջյանի գրքարվեստի ժառանգությանը և վերջինիս շրջանակներում նորովի կբացահայտեն Գիրքը՝ վերջինիս ֆիզիկական և գեղարվեստական բաղադրիչները:
Ծրագրի հաջորդ մասը կշարունակվի ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում՝ գրադարանային միջավայրում: Յուրաքանչյուր հանդիպման համար կընտրվի Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը՝ դպրոցական ծրագրին համապատասխան: Բարձրաձայն ընթերցանությանը կհաջորդի գրքի ստեղծման գործնական պարապմունքը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան թղթի ձևավորման որոշ տեխնիկաների, կպատրաստեն իրենց նկարազարդված ակորդեոնաձև գրքերը: Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները կներգրավվեն ծրագրին որպես գրքի ձևավորման մասնագետներ, ովքեր նաև կձևավորեն գրքի տպագիր տարբերակը:
Այցելություն տպագրատուն – Յուրաքանչյուր շաբաթ օր ծրագրի մասնակից դպրոցականները կայցելեն տպագրատուն իրենց ծնողների, ուսուցիչների և ԳԱԿ աշխատակիցների ուղեկցությամբ, որտեղ նրանք կծանոթանան գրքի հրատարակման գործընթացին, տպագրական գործիքներին և տեխնիկաներին:
Գրքի տպագրություն – Որպես ծրագրի ամփոփում, սահմանափակ քանակությամբ կտպագրվի գործնական պարապմունքների շրջանակներում ստեղծված Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գիրքը՝ մասնակից երեխաների նկարազարդումներով և ներգրավված ուսանողների դիզայնով: Գրքի տպագիր օրինակներից կհանձնվեն մարզերի դպրոցական գրադարաններ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրի փորձը հասանելի դարձնելով նաև մարզերի դպրոցականներին:
Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34:
Ծրագրի հովանավոր՝ Beeline Armenia ընկերություն: