- Գլխավոր էջ
- Կրթություն
-
«Տիպ ու տառ» տառատպության արվեստանոց
«Տիպ ու տառ» տառատպության արվեստանոց
«Տիպ ու տառ» տառատպության արվեստանոցը հիմնված է 2022թ․հուլիսի 8-ից սեպտեմբերի 4-ը ԳԱԿ-ում գործող «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրության վրա: Արվեստանոցի խորագիրը նվիրվում է պոլսահայ բանասեր Թեոդիկի (Թեոդորոս Լափչինճյան) «Տիպ ու տառ» հատորի տպագրության 110 ամյակին։
«Տիպ ու տառ» կրթական ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել հայկական տառարվեստին և տառատպության պատմությանը, ինչպես նաև ժամանակակից տառատեսակի ստեղծմանն ու կիրառել այն՝ խթանելով մասնակիցների հավաքական ստեղծագործականությունը:
Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը` նախ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, ապա «Պատկերասրահ Մեկ»-ում: Կրթական ծրագրի առանցքում Մայդա Շավակի և Նայիրի Խաչատուրեանի «Աշնանացան» ֆիլմն է, որը կառուցված է Անահիտ Հայրապետյանի արցախյան պատերազմի ընթացքում ստեղծված բանաստեղծության շուրջ:
Ծրագրի ստեղծագործական մասում մասնակիցները կծանոթանան Սարգիս Անտոնյանի ստեղծած «Արցախ bold» տառատեսակին, որը կիրառված է նաև «Աշնանացան» ֆիլմում: Նոր տառատեսակի փորձարկումից հետո մասնակիցները, ընտրելով Անահիտ Հայրապետյանի բանաստեղծական տողերից մեկը, միասին կտպագրեն միասնական մեծ աշխատանք:
Ծրագիրը նախատեսված է ութ տարեկանից բարձր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։